23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Հայկական լեռնաշխարհն Արևելյան Անատոլիա չէ

Հայկական բնաշխարհը, կամ Հայոց աշխարհը աշխարհագրական այն տարածքն է, պատմաաշխարհագրական այն միջավայրը, որի սահմաններում, սկսած IV հազ. վերջերից և III հազարամյակի սկզբներից, առաջացել, կազմավորվել և առնվազն 5000 տարի իր գոյությունն է հարատևել հայ ժողովուրդը, որտեղ նա ապրել է իրեն բաժին հասած պատմական կյանքը, բազմադարյան պատմությամբ կերտել իր քաղաքական, տնտեսական և մշակութային  ինքնատիպ կենսագրությունն ու ստեղծել  հայոց պետականությունը։   

Հայկական բնաշխարհն ունի իր պատմական անվանումը, որը կոչվում է ՀայքՀայոց աշխարհՀայոց տուն կամ Հայաստան«Հայաստան» անվանումը` որպես միջին դարերի արգասիք, օգտագործվել է «Հայք» անվանը զուգահեռաբար և պատմաաշխարհագրական տեսակետից ունեցել է նույն նշանակությունը: Այն ցույց է տալիս՝ ինչպես էթնիկական պատկանելություն, այնպես էլ՝ պետականություն և ֆիզիկա-աշխարհագրական տարածաշրջան: «Հայաստան» բառի «տան»  («տուն») բառամասն ունի ինչպես՝ հին պարսկական (զենդական), այնպես էլ՝ բուն հայկական մեկնաբանություն և նշանակում է «երկիր», կամ «ապրելու վայր» (հմմտ. Բեհիստուն-Բիսիտուն, Անգեղտուն, Պարսպատունիք, ՈՒրարտու(ն), Թորգոմատուն  և այլն): Մ.Խորենացին V դ. Հայաստան անվանումն օգտագործում էր՝ ցույց տալով, որ այն Մեծ Հայքն է:

 Հայկական բնաշխարհն ունի նաև իր աշխարհագրական ձևակերպումը, որը հայտնի է Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական լեռնաստան (հնագույն աղբյուրներում՝ Հայկական լեռներԱրարատյան լեռներ) անունով: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիս-արևմտյան հատվածում և կազմում է Ալպյան-Հիմալայան գեոսինկլինալային գոտու  օղակներից մեկը:

Առաջավոր Ասիան բաղկացած է գեոմորֆոլոգիական 6 շրջաններից` Փոքրասիական, Հայկական, Իրանական, Աֆղանական, Պակիստանյան և Կովկասյան: (Տե՛ս Л.Н. Зограбян, Орография Армянского нагорья (опыт  орографического анализа морфоструктуры, Ер., 1979, с. 8):

Ըստ աշխարհի ֆիզիկա-աշխարհագրական ատլասի՝ Առաջավորասիական բարձրավանդակը բաղկացած է Հայկական և Իրանական բարձրավանդակներից, Անատոլիական սարահարթից, Ղրիմ-Կովկասյան տարածաշրջանից, Պակիստանյան՝ Հնդ-Գանգեսյան ցածրավայրից: (Տե՛ս Физико-географический атлас мира, Москва, 1964, с. 16):

Հայկական լեռնաշխարհը գրանիտային մի լեռնակուտակ է, որն առաջացել է տասնյակ ու հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում՝ երկրակեղևի մագմայի շիթային շարժումների ազդեցությամբ Գոնդվանա մայրցամաքից պոկված Արաբա-Սիրիական կոշտի և Հնդկական թերակղզու  բեկորի դեպի հյուսիս շարժվելու և Լավրասիա մայրցամաքի հետ բախվելու հետևանքով։ Արաբա-Սիրիական կոշտը ճզմելով Թետիսի հատակում  գտնվող Հայկական Տավրոսի գեոսինկլինալը՝ ծալքավորել է այն, մտել նրա տակ, որը հետագայում դուրս է մղվել՝ ստեղծելով մի բարձր լեռնակուտակ՝ Հայկական լեռնաշխարհը և Կովկասյան լեռները։

Հայկական լեռնաշխարհի տարածքը կազմում է շուրջ 400,000 կմ2: Աշխարհագրական առումով Հայկական բարձրա­վանդակի սահմանները հյուսիսարևմուտքում հասնում են Սև ծովի հարավային ափագիծ, Արևելա-Պոնտական, Մոսքիկյան և Թռեղքի լեռնաշղթաների հյուսիսային եզերքները, հյուսիսում՝ Կուրի իջույթը, Ռիոնի (Կոլխիդայի) գետա­հովիտը, Փոքրկովկասյան լեռների հյուսիսային ծայրաշղթա­ները, հարավում՝ Մալաթիայի լեռների հարավային ստորոտից մինչև Հայկական Տավարոս և Կորդուքի (Հաքիարի) լեռներ, Միջագետքի դաշտ և Զագրոսի հյուսիսային հատվածը, արևելքում Փոքր Կովկասի համակարգի արևելյան ստորոտները՝ մինչև Կուր-Արաքսյան դաշտավայր (ըստ Պտղոմեոսի, Մ. Խորենացու, Կ. Ռիտտերի, Վ. Սիվերսի, Լեոյի` Կասպից ծով), հարավարևելքում՝ Ուրմիա լիճ (ամբողջությամբ), Նոշիրականի լեռների հարավային գագաթներ (Սոհունդ  և Սավալան հրաբուխների հարավային փեշեր, Թալիշի լեռներ) և Կասպից ծով, արևմուտքում այն հասնում է մինչև Անտիտավրոսյան լեռներ, Կապադովկիայի տափաստաններ, Ալիս և Եփրատ գետերի ջրբաժանով դեպի Գայլ գետը և Սև ծով։

Չնայած Հայկական լեռնաշխարհը  շատ նմանություններ  ունի  Անատոլիական և Իրանական բարձրավանդակների  հետ, սակայն այն իր նկարագրով տարբերվում և սահմանազատվում է հարևան երկրներից: Ներկայացնելով մի անբաժան ամբողջություն, Հայկական լեռնաշխարհն առանձնանում է բազմաթիվ յուրահատկություններով, որոնք անգլիացի նշանավոր երկրաբան Ֆելիքս Օսվալդի բնորոշմամբ մատնանշում են նրա բարձր աստիճանի անհատական բնույթը:

(Տե՛ս Освальдь Ф.Фр.,  Кь исторiи тектоническаго развитiя Армянскаго нагорья, Записки Кавказскаго отдела императорскаго Русскаго географическаго общества, книжка  XXIX, выпускь 2-й, Тифлись, 1916, с.1):

Հայկական լեռնաշխարհի   երկրաբանական-գեոմորֆոլոգիական առանձնահատկություններն են.

ա) Հայկական բարձրավանդակն իրենից ներկայացնում է գրանիտային մի լեռնակուտակ:

բԱյն հարուստ է հրաբխային լեռնաշղթաներովնրա մակերևույթի վրա առկա է հրաբխային գործունեության բավականին  մեծ ազդեցությունորի արդյունքում այն դարձել է հրաբխային լավայի միջոցով առաջացած Առաջավորասիական ամենամեծ բարձրավանդակը:

գԱյն ունի բավականին ընդգծված բացարձակ բարձրությունհարևան երկրներից ավելի բարձրադիր  է և կարկառուն։ Հայկական բարձրավանդակի միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1850-1900 մ  (ըստ Ն.Վ. Ալեքսանդրովսկայայի՝ 2000մ: Տե՛ս, Физическая география материков и океанов, Н.В. Александровская, Зарубежная Азия, с. 101), որը կազմում է տարածքի մոտ 30%-ը, այն դեպքում, երբ Իրանական բարձրավանդակի միջին բարձրությունը կազմում է 1400 մ, Փոքրասիական բարձրավանդակի միջին բարձրությունը՝ 700-1200 մ, Անդրկովկասի իջույթի (Կոլխիդայի և Կուր-Արաքսյան դաշտավայրերը) և Միջագետքի դաշտավայրի միջին բարձրությունը՝ 200 մինչև 800մ: Այն Առաջավոր Ասիայի ամենաբարձրադիր երկիրն է։

Հաշվի առնելով այդ առանձնահատկությունը՝ ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը Հայոց լեռնաշխարհն անվանել է  «Լեռնակղզի»` «Berginsel», գերմանացի  նշանավոր գիտնական, աշխարհագետ Կարլ Ռիտտերը  Հայկական բարձրավանդակը  կոչել է «օդով և ջրով հարուստ լեռնային մի զով կղզի»Գևորգ Մեսրոպն այն համեմատել է  «անհուն տարածութեամբ բերդաքաղաք»-ի հետ, որը «շրջապատուած է առաւել կամ նուազ բարձրութեամբ պարիսպներով», և ունի «հսկայ միջնաբերդ»,  իսկ ռուս աշխարհագետ Վ.ԳուրկոԿրյաժինն այն համարել է «բնական հսկայական մի միջնաբերդ», «բնական ամրոց», որը վերահսկում է շրջակայքի տարածքների վրա:

դԱյն մի լեռնաշխարհ էորի կենտրոնական մասն ավելի բարձր էիսկ դեպի զանազան կողմեր գնալով՝ ցածրանում է աստիճան առ աստիճան և իջնում սանդուղքաձևՆրա մակերևույթը կորնթարդ է և վահանաձևորի ինքնուրույն երկրաբանական բնույթը  ժամանակին նկատել է գերմանացի նշանավոր ճանապարհորդերկրաբան ԱՀումբոլտը: Տե՛ս Humboldt A.von, Asie Centrale, tom I: Recherches sur les Chaines de Montagnes Et la Climatologie Comparee (Classic Reprint), Forgotten books, 2017, p. 118-127.

ե) Ի հաշիվ բազմաթիվ ծալքերի և ներքին լեռնաշղթաների՝ այն ունի ավելի հարուստ և առանձնահատուկ ռելիեֆքան հարևան տարածաշրջանները:

զ) Հարուստ է գետերով ու ջրերով:

Հաշվի առնելով Հայկական լեռնաշխարհի այդ առանձնահատկությունները՝ գերմանացի նշանավոր երկրաբան, Դորպատի համալսարանի 37-ամյա պրոֆեսոր, Կովկասի երկրաբանության հայր՝ Հերման Աբիխն առաջին անգամ 1843թիր՝ «Uber die geologische natur des Armenische Hoshlandes» («Հայկական բարձրավանդակի երկրաբանական առանձնահատկությունների մասին») աշխատության մեջ  Հայկական լեռնաշխարհն անվանել է «Plateu ArmenienArmenische Hochland»՝ «Հայկական բարձարա­վան­դակ», որը հոմանիշ է Հայկական լեռնաշխարհին: (Ավելի հանգամանորեն տե՛ս Г. Абихь, Геологiя Армянскаго нагорья, западная часть, орфографическое и геологическое описанiе  “Записки кавказскаго отдела императорскаго русскаго Географическаго общества”,  Пятигорскь, 1899, книжка 21, восточная часть, 1902 книжка  23, նաև Гукасов А., “Основные черты строения Армянского нагорья “Записки кaвказакого отделения Русского Географического общества, 1901, книжка 22, выпускь 1, նաև Освальд Ф.Фр., Кь  исторiи тектоническаго развитiя Армянскаго нагорья, “Записки кавказскаго отдела Русского Географическаго общества, 1916, книжка  XXIX, выпускь 2-й, նաև. Щукин И и Щукина А., Очерк Армянского нагорья, Москва, 1927):

Ինչո՞ւ հայկական, քանի որ հայերը վաղ ժամանակներից կազմում էին լեռնաշխարհի տեղաբնիկ հիմնական ազգաբնակչությունը: Ըստ էության «Հայկական»-ը Հ. Աբիխից առաջ էլ կար: Աշխարհահռչակ գիտնականն ընդամենն առանձնացրել է հայկական անունով տարածաշրջանի երկրաբանական առանձնահատկությունները:

Իսկ մեկ այլ նշանավոր երկրաբան՝ ֆրանսիացի  Ռայմոն ՖյուրոնըՀայկական լեռնաշխարհը  կոչել է «Հայկական հովհարաձև լեռնապար»:

Ինչպես երևում է, մեր հայրենիքի աշխարհագրական անվանման մեջ հայկական բառն անխուսափելի է, և դա պատահական չէ, քանի, որ «Հայկական բարձրավանդակ»-ը զուտ բնաաշխարհագրական ըմբռնում է, ինքնուրույն և ինքնատիպ մի միավոր, աշխարհագրական անբաժանելի մի ամբողջություն: Էթնիկական ու քաղաքական շարժունակ հատկանիշների ու չափանիշների փոխարեն՝ երկրաբանական-գեոմորֆոլոգիական-աշխարհագրա­կան եզրույթի աոանձնացման հիմքում դրվել են կայուն և հիմնավորված, ժամանակի ընթացքում փոփոխությունների չենթարկվող  երկրակեղևի տվյալ հատվածի ֆիզիկաաշխարհագրական բնութագրիչները և մակերևույթի ծագումնաբանության երկրաբանական առանձնահատկությունները։ Ինչպես Հ. Աբիխն է նշում, այն ունի «երկրաբանական ինքնուրույն բնույթ»:

Ուշագրավն այն է, որ էթնիկական հատկանիշը համընկնում է ֆիզիկաաշխարհագրականին։ Հայ ժողովուրդն առանձին շեղումներով առաջացել ու ձևավորվել է ֆիզիկաաշխարհագրական իմաստով հենց Հայկական բարձրավանդակի տարածքում։ Հետևաբար՝ «Հայկական բարձրավանդակ (լեռնաշխարհ)» եզրույթը բացարձակապես գիտական է։

Հ. Աբիխի շնորհիվ շրջանառության մեջ դրված «Հայկական բարձրավանդակ» եզրույթը գործածական դարձավ գիտական աշխարհի կողմից: Ժամանակի անվանի աշխարհագրագետներն ու ճանապարհորդներն իրենց աշխատություններում հստակորեն օգտագործել և կիրառել են այդ հասկացությունը։ Նույնը պետք է ասել նաև հանրագիտական բառարանների և աշխարհագրական ձեռնարկների հեղինակների մասին։ «Հայկական բարձրավանդակ» («Հայկական լեռնաշխարհ») եզրույթը, որպես «Հայաստան»-ին հոմանիշ անվանում, օգտագործվել է նաև անգլիացիներ՝ Ջ. Բրայսի, Ա. Թոյնբիի, վենեսուելացի՝ Ռ. Դե՛ Նոգալեսի կողմից Հայոց ցեղասպանության դրվագները նկարագրելիս:

Սակայն թուրքական պատմագիտական դպրոցի անմիջական ջանքերով ժամանակի ընթացքում շրջանառությունից դուրս բերվեց «Հայկական լեռնաշխարհ» աշխարհագրական անվանումը և այն փոխարինվեց «Արևելյան Անատոլիա» շինծու և սխալ հորջորջմամբ, որն ամբողջությամբ յուրացվեց թուրք, ադրբեջանցի և արևմտյան հեղինակների կողմից և նույնիսկ շահարկման առարկա դարձավ  խորհրդային որոշ մասնագետների  (արևելագետ Ի. Մ.Դյակոնովի) աշխատություններում:  (Տե՛ս, Дьяконов И. М., Пути и судьбы, “знания силы”, Москва, 1988г., N 9, с. 22): Այսպես,“The New Encyclopǽdia Britanica” հատոր 1-ում  նշվում է, որ «Անատոլիա» անվանումն իրենից ներկայացնում է Թուրքիայի ներկայիս հանրապետության ասիական ամբողջ տարածքը, մոտավորապես լեռնային ուղղանկյուն մի երկիր, որը հազարավոր մղոններ երկարությամբ ձգվում է Էգեյան ծովից մինչև Ռուսական Հայաստան և Իրանական Ադրբեջան: Ստացվում է, որ Հայկական բարձրավանդակն արհեստականորեն դուրս է մղվում Անատոլիայի հաշվին:

Նշենք, որ «Անատոլիա»-ն հունարեն բառ է, որը նշանակում է «Արևելք»: Հույներն այդպես էին կոչում իրենցից արևելք ընկած փոքրասիական երկրամասը՝ մինչև համանուն թերակղզու աշխարհագրական վերջավորությունը:

Հակագիտական է այն «տեսակետը», երբ Հայկական բաձրավանդակն անվանում են Արևելյան Անատոլիա («դողու Անադոլու»), Արևելյան կամ Հայաստանի Յայլաներ («Շարք Յայլալարի», Ermənistan yaylası), Հայքրդական բարձրավանդակ: Ինչո՞ւ, որովհետև՝ ա) Հայկական լեռնաշխարհը բարձրավանդակ է, իսկ Անատոլիան՝ Փոքր Ասիա թերակղզին սարահարթ, բ) Փոքր Ասիան՝ որպես թերակղզի, հասնում է մինչև Կիլիկյան և Հայկական Տավրոսի լեռներ և այնտեղից ձգվում դեպի հյուսիս-արևելք, դեպի Սև ծով: Հետևաբար՝ Փոքր Ասիայից դեպի արևելք ընկած տարածքն արդեն Փոքր Ասիա չէ, դուրս է թերակղզուց: Իսկ Հայկական լեռնաշխարհը երբեք թերակղզու մեջ չի ներառվել: Հակառակ տրամաբանությամբ եթե առաջնորդվենք՝ Արևելյան Անատոլիա կարող ենք համարել ոչ միայն Հայկական լեռնաշխարհը, այլ նաև Ասորիքը, Միջագետքը, Իրանական բարձրավանդակը և այն ամենը, ինչ ընկած է արևելքում: գ) Հայկական լեռնաշխարհը, որի տարածքը կազմում է 400000կմ2, մի փոքր ավելի մեծ է, քան Փոքր Ասիա թերակղզին, որի տարածքը կազմում է 380000կմ2: Ինչպես կարող է մեծը փոքրի մաս կազմել:

Անընդունելի են նաև ԱնդրկովկասԱյսրկովկասԿովկասյան Հայաստան, Հարավային Կովկաս, ՋավախքՀայկական լեռնաշխարհ ձևակերպումները: Անդրկովկաս-Այսրկովկաս եզրույթը, որն առաջացել է XVIII դ., խորհրդային տարիներին հասկացվում էր որպես Կովկասյան պարանոցի մի մասը՝ Կովկասյան գլխավոր ջրբաժանից մինչև Թուրքիայի և Իրանի հետ ԽՍՀՄ պետական սահմանը՝ 186,1 հազ կմ2 տարածքով: Հայկական լեռնաշխարհի այն մասը, որ գտնվում էր ԽՍՀՄ-ում, պայմանականորեն կոչվում էր Անդրկովկասյան բարձրավանդակ և զբաղեցնում էր ՀԽՍՀ-ի տարածքը, Վրացական ԽՍՀ-ի հարավային և Ադրբեջանական ԽՍՀ-ի արևմտյան շրջանները:

Իսկ Հարավային Կովկաս ասելով, պետք է իրականում հասկանալ ոչ թե այսօրվա Հայաստանի Հանրապետությունը՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ միասին որպես մեկ ամբողջական տարածաշրջան, այլ, ինչպես ֆրանսիացի արևելագետ Սեն-Մարտենն է բնորոշել՝ Կուրի արևմտյան ափից՝ Ախալցխայի մոտակայքից մինչև Կուրի արևելյան շրջաններ ընկած պատմա-աշխարհագրական տարածքը, այսինքն՝ ակամայից Կուրը դառնում է սահմանագիծ Անդրկովկասը-Հարավային Կովկասի և Հայկական լեռնաշխարհի միջև:

ԱՎԵՏԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

պատմգիտությունների թեկնածու,

ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ