Աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում. Հ. Նաղդալյանը ողջունում է Կալիֆորնիայի սենատի կայացրած որոշումը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունում է Կալիֆոռնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը:
՛՛Մեծագույն ուրախությամբ ընդունեցի օգոստոսի 27-ին Կալիֆոռնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը: Դատելով դեպքերի զարգացման ընթացքից` նախապես ԱՄՆ չորս նահանգների, մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ֆրեզնոյի և Լոս Անջելեսի կողմից Արցախի անկախության ճանաչումը, այս ուրախալի իրադարձությունը հասունացած էր և նոր վկայությունն է՝ աշխարհում ընթացող միջազգային լուրջ և հիմնավոր գործընթացների:
Հայտնի է, որ վերջին հարյուրամյակում աշխարհի պետությունների թիվը առնվազն կրկնապատկվել է: Երկրորդ համաշխարհայինից հետո ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հստակ հաստատումը նոր խթան հանդիսացավ գաղութատիրական մտածողության վերջնական փլուզման: Սթափ գնահատելով իրավիճակը, տեսնում ենք, որ այսօր Աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում, հասունացել է անկախացումների նոր շրջան, որը մարդկության քաղաքակիրթ զարգացման, ժողովրդավարության շարունակական և անկասելի ձեռքբերումների, կյանքի ազատության չափանիշների բարձրացման հստակ և անմերժելի ուղեկիցն է:
Վստահորեն կարող եմ ասել, որ Արցախի անկախության գործընթացը արդարացի, հիմնավորված ու փաստարկված է բոլոր անկախացումների մեջ, այդ թվում՝ արդեն միջազգայնորեն ամրագրած Կոսովոյի, Էրիտրեայի, Հարավային Սուդանի և մյուս անկախ երկրների շարքում:
Աշխարհում ընթացող այս զարգացումները՝ ուղղված ժողովուրդների ազատագրման և անկախության անուրանալի գործընթացի ճանաչմանը վկայում են, որ Արցախի Հանրապետության քսաներեքամյա դրամատիկ և ազնվագույն պատմությունը՝ որպես մղվող դարավոր պայքարի բարձրակետ, շնորհիվ իր ժողովրդի հավատի, համառության, հաստատակամության, իր կյանքը և պետականությունը ինքնուրույն կառուցելու անուրանալի ընդունակության և թշնամուն բոլոր ոլորտներում համարժեք պատասխանելու հերոսական կարողության, մոտեցել է իր միակ արդարացի լուծմանը՝ միջազգային ճանաչմանը:
Այս կապակցությամբ ուզում եմ խորին երախտիքս հայտնել Կալիֆոռնիայի ժողովրդին և Սենատին. ուրախալի է, որ ԱՄՆ խոշորագույն և ծանրակշիռ նահանգի սենատի կողմից այս բանաձևի ընդունումը տեղի ունեցավ ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձի նախաշեմին՝ հարստացնելով նրա բովանդակությունը և ևս մի շեշտադրումով ամրապնդելով Արցախի ժողովրդի վստահությունը իր վերջնական հաղթանակի գործում: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Արցախի մեր հայրենակիցներին և ղեկավարությանը, մեզ՝ բոլորիս, այս անուրանալի հաղթանակի ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակման օրվա կապակցությամբ, մաղթում եմ Արցախի ժողովրդին ամոքում բոլոր վերքերից, անամպ երկինք և հետագա խաղաղ, շինարար կյանք, երջանկություն, որ փոխհատուցի ազատագրության ճանապարհի տառապանքները, ինչի գնով կերտվեցին մեր փայլուն հաղթանակները՛՛: