ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարեւորել է դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացումը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նաեւ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրին` ընդգծելով, որ այժմ Հայաստանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել այդ խնդրի լուծման համար:
“Ավանդաբար մեր արտահանումների 70 տոկոսն իրացվել է Ռուսաստանի շուկայում: Սակայն այսօր, երբ մի շարք երկրների նկատմամբ Ռուսաստանի կառավարության կողմից կիրառվում են գյուղմթերքի ներմուծման արգելքներ, մենք պետք է կարողանանք ռուսաստանյան շուկայում առաջացած այդ բացը մեր հնարավորությունների սահմաններում լրացնել եւ կարճ ժամկետներում ավելացնել արտահանման ծավալները, ինչի հնարավորությունը մենք լիարժեք ունենք: Ընդ որում, դա վերաբերում է թե’ թարմ պտուղ-բանջարեղենի, թե’ վերամշակված տեսքով գյուղմթերքի, գինու եւ կոնյակի արտահանմանը”, – նշել է նախարարը:
Միաժամանակ Սերգո Կարապետյանն ավելացրել է, որ Հայաստանը ներկայումս ունի հնարավորություն նույնիսկ կրկնապատկել արտահանման ծավալները:
Իսկ այն հարցին, թե արդյոք Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերը չեն խոչընդոտի գյուղմթերքի արտահանմանը, նախարարը պատասխանել է, որ այդ խնդիրը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է եւ կապի մեջ են ինչպես Վրաստանի իր գործընկերների, այնտես էլ ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունների հետ: “Չնայած Լարսում մարդկանց հոսքն ավելացել է եւ աճել է ապրանքաշրջանառությունը, ինչի հետեւանքով կուտակումներ են առաջացել , սակայն այդ անցակետն աշխատում է բնականոն հունով”,- ասել է նախարարը: