23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարևորը՝ թվերը տպավորիչ լինեն․ 168.am

168.amը գրում է․ «Թվում էր, թե կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծանր տնտեսական ու սոցիալական իրավիճակը, երբ մարդիկ իրական և ոչ թե՝ ձևական օժանդակության կարիք ունեն, կստիպի իշխանությանը վերջապես սթափվել և դուրս գալ պոպուլիստական գործելաոճից։ Բայց կյանքը ցույց տվեց, որ անգամ այդ պայմաններում այն հակված չէ հրաժարվել հասարակությանը դատարկ թվերով ու փաստերով կերակրելու գայթակղությունից։

Նախկինի նման վարչապետն առիթը բաց չի թողնում խոսելու կառավարության ձեռքբերումների, կորոնավիրուսի պայմաններում հասարակությանը ցուցաբերած «աննախադեպ» սոցիալական աջակցության, իրականացվող ծրագրերի, դրանց ընդգրկման շրջանակի, 100 հազարավոր շահառուների, համաճարակի դեմ պայքարի հաջողությունների մասին։

Ազգային արժույթն արժևորվում է, և դա անմիջապես կապվում է կառավարության գործունեության հետ։

«Ֆինանսական շուկայի արագ արձագանքը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույցն է»,- անդրադառնալով դրամի ամրապնդմանը՝ շտապեց հայտարարել վարչապետը։

Այնինչ՝ մեկը մեկի հետ բացարձակ կապ չունի։ Դրամի արժևորումը ոչ թե կառավարության հակաճգնաժամային միջոցների արդյունավետության ապացույցն է, այլ Կենտրոնական բանկի գործողությունների արդյունքը։ Ինչ-որ տեղ այն կրում է նաև արտաքին գործոնների ազդեցությունը։

Երբ Կենտրոնական բանկը մի քանի տասնյակ միլիոն դոլար է ծախսում՝ ազգային արժույթի արժեզրկումը մեղմելու համար, կառավարության ղեկավարը ձեն-ծպտուն չի հանում։ Բայց հանկարծ դոլար է գնում, ու վարչապետը շտապում է հերթական դիֆերամբները ձոնել կառավարության հասցեին՝ «Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից 8,1 միլիոն դոլար է գնել։ Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն՝ կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ: Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»։

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է ասելու վարչապետը, եթե հանկարծ վաղը դրամը կրկին սկսի արժեզրկվել, ինչի հավանականությունը, ի դեպ, մեծ է։

Իր հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում կառավարությունը հասցրել է հաստատել 12 ծրագիր։ Առաջիկայում դրանք գուցե և ավելանան։ Եթե նույնիսկ չավելանան էլ, միևնույն է, առաջին հայացքից՝ 12 ծրագիրն արդեն տպավորիչ փաթեթ է։ Բայց էականը ոչ թե ծրագրերի քանակն է, այլ որակը։ Իսկ ի՞նչ են տալիս այդ ծրագրերը շահառուներին։

Հայտարարված 12 միջոցառումների կեսից ավելին սոցիալական են։ Լսելով վարչապետի ու կառավարության անդամների հայտարարությունները՝ ներկայացված ծրագրերի շահառուների շրջանակը հասնում է 100 հազարների։ Այնինչ, շատ դեպքերում, դրանք զուտ հաշվարկային թվեր են։ Իրական օգտվողներն անհամեմատ ավելի քիչ են լինելու։ Հատկապես որ, հաճախ, պատահաբար թե միտումնավոր, այնպիսի կարգավորումներ են կիրառվել, որոնք էապես սահմանափակում են օգտվողների շրջանակը։

Այնպես որ, ինչպես սովորաբար լինում է, գործ ունենք ուռճացված թվերի հետ։ Դեռ չհաշված օժանդակության չափը, որը երբեմն զավեշտի է հասնում։

Կառավարությանն ակնհայտ դուր չէր եկել այն, որ անընդհատ իրենց հիշեցնում էին Վրաստանի օրինակը՝ օգտագործված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։ Տպավորություն ստեղծելու համար, որ իրենք էլ անտարբեր չեն սպառողների նկատմամբ, մտածեցին ու այնպիսի մի «փառահեղ» ծրագիր հորինեցին մինչև 5 հազար դրամի հոսանք և մինչև 10 հազար դրամի գազ սպառող բաժանորդների համար, որ հետո ստիպված էին լինելու իրենց հարց տալ՝ արժե՞ր արդյոք ընդհանրապես նման ծրագիր ներկայացնել, թե՞ ոչ։

Հասարակությունը շատ բուռն արձագանքեց կառավարության այդ նախաձեռնությանը։ Ու դա զարմանալի չէր. ներկայացված ծրագիրն ավելի շատ ոչ թե օժանդակություն էր, այլ ձև, որ նման օժանդակություն է տրվել։

Շատերն այն հասարակությանն ուղղված ծաղր համարեցին։ Հատկապես՝ այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ դրա շահառու ընտանիքների թիվը հասնում է 200 հազարի։ Ոչինչ, որ այդ 200 հազարի մեջ քիչ չեն նաև նրանք, ովքեր վաղուց Հայաստանում չեն և զրո դրամի ծախս ունեն։

Այս խայտառակ որոշումից հետո՝ ժողովրդի զայրույթը մեղմելու համար, կառավարությունը շտապեց 30 տոկոս փոխհատուցում տրամադրել նաև 10 հազարից մինչև 30 հազար դրամի գազ և 5 հազարից մինչև 10 հազար դրամի հոսանք սպառած բաժանորդներին։ Խոսքն առավելագույնը՝ 12,5 հազար դրամի մասին է։ Թեև հասկանալի է, որ շատերի դեպքում փոխհատուցման չափն անհամեմատ ավելի փոքր է լինելու։

Բայց կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ վաղը կառավարությունը հնարավորություն կունենա հայտարարելու, որ գազի և հոսանքի դիմաց 480.000 բաժանորդի կամ 1,5 մլն մարդու փոխհատուցում է տրամադրել։

Նույնը նաև մի շարք այլ սոցիալական ծրագրերի դեպքում է. կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի արտաքուստ շահառուների քանակը շատ երևա։ Էական չէ, թե ինչպիսին կլինի օժանդակության չափը։ Այնինչ՝ մի դեպքում, որը վերաբերում է 200.000 շահառուի, օժանդակության առավելագույն չափը 7,5 հազար է, մեկ այլ դեպքում, որի շահառուները հասնում են 280.000-ի, օժանդակությունը կարող է կազմել մինչև 12,5 հազար, մյուս դեպքում՝ ասենք՝ 20-30 հազար դրամից մինչև նվազագույն աշխատավարձի չափը կամ մի քիչ ավելի։

Պարզ է, որ սա այն չէ, որ մարդկանց կյանքում կարող է մեծ բան փոխել այսօրվա սոցիալական ու տնտեսական բարդ իրավիճակում։ Բայց դա չի խանգարելու, որպեսզի վաղը կառավարությունը հայտարարի, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 100 հազարավոր քաղաքացիների ֆինանսական օգնություն է տրամադրել։ Այնպես, ինչպես ժամանակին հայտարարվում էր 1 միլիոնից ավելի մարդու աշխատավարձի, թոշակի կամ նպաստի ավելացման մասին։ Ոչինչ, որ շատ հաճախ այդ ավելացումները զուտ խորհրդանշական բնույթ էին կրում։

Այնպիսի տպավորություն է, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանություններին ոչ այնքան ծրագրերի իրական արդյունքներն են հետաքրքրում, որքան ձևական կողմը։ Իսկ թե ինչ է ստանում դրանից հասարակությունը, այնքան էլ էական չէ։ Կարևորն այն է, որ թվերն ու փաստերը տպավորիչ լինեն»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ