24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախի խժդժությունների հետևում, կարծում եմ, Փաշինյանի իշխանությունն է կանգնած. Կարինե Աճեմյան

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց:

Արված հայտարարությունների մասին 365News.am-ը զրուցել է Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանի հետ:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց գործունեությունն առաջին օրվանից  ուղղված էր երկրում սահմանադրական իրականություն հաստատելուն: Ի՞նչ ի նկատի ուներ վարչապետը:

-Նա նշեց նաև, որ այս երեսուն տարվա մեջ երբևէ որևէ Սահմանադրությունն նորմալ չի գործել, հանրաքվեները բոլորը կասկածելի են: Դա այն տրամաբանության մեջ էր, ինչի մեջ նա մշտապես ելույթներ ու հայտարարություն է ունենում, այսինքն՝ իրենից առաջ նորմալ, տրամաբանական ոչինչ այս երկրում չի եղել՝ միայն իրենով է սկսվել ամեն ինչ և իրենով է ավարտվում: Այս մտասևեռումը, բոլոր հարցերի հետ կապված, նաև վերաբերվում է Սահմանադրությանը: Իրականում, 2015-ի վերջին ընդունված Սահմանադրությունը, որը համակարգային փոփոխություն էր ենթադրում, և ենթադրում էր անցում դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, այդ առումով 2018-ի ապրիլին պիտի ամբողջ իր բովանդակությամբ ուժի մեջ մտներ, որովհետև վարչապետ հենց այդ սահմանադրությամբ առաջին անգամ ընտրվեց այդ օրը: Բայց ես 2018-ի մայիսի 1-ի իմ ելույթում նշել եմ ու հիմա պիտի հիշեցնեմ այն թեզը, որ ես ասացի, որ ռուսերեն մի լավ խոսք կա՝ «первый блин комом», այսինքն` մենք չկարողացանք դա իրագործել իր ամբողջ ուժով, և միակ պատճառը, իմ խորին համոզմամբ, այն էր, որ ի վերջո, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը պատրաստ չէր նման փոփոխության, նման համակարգի, որովհետև խորհրդարանական կառավարման համակարգը քաղաքակիրթ, առաջադեմ համակարգ է, և դրան հասարակությունը պետք է պատրաստ լինի:

Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը, այնուամենայնիվ, պատրաստ չէր, և հետագա ժամանակահատվածն էլ այդ ամբողջ իրավիճակի փոփոխությամբ ցույց տվեց, որ հենց դա էր պատճառը, որ մենք՝ այն ժամանակվա իշխող քաղաքական ուժը, ավելի առաջ էր մտածում, ավելի գլոբալ էր մտածում և չկարողացավ իր հետևից տանել, կրթել կամ ստեղծել այնպիսի հասարակություն, որը կարողանար ինտեգրվել այդ սահմանադրական կարգին: Սա իմ համոզումն է: Ինչ վերաբերվում է իր ասած սահմանադրական իրականությանը, դա վերաբերում է այն հարցին, իբր թե կեղծ է այն ամենն ինչ գործում է: Նոր հանրաքվեի այս ամբողջ գործընթացը մենք և լուրջ իրավաբանները համարում ենք հակասահմանադրական: Դա, ի վերջո, արվում է մի բանի համար՝ որպեսզի հեռացվեն դատավորները և նշանակվեն նոր դատավորներ: Սա իր, այսպես ասած, «վիրտուալ» և ցանկալի իրականությունն է, որն իրականում հակաօրինական է և չի բխում մեր երկրի շահերից: Առաջին հերթին՝ որովհետև միջազգային կառույցներում այսպիսի գործընթացները վարկաբեկում են երկիրը. պարզից էլ պարզ է, որ օրենք է խախտվում, սահմանադրությունն է խախտվում միայն մի բանի համար՝ հետագայում Սահմանադրական դատարանը մի մարդու ենթարկելու նպատակով:

-Վարչապետը հայտարարեց, որ իրավունքի չարաշահումներով ընդունված 2015 թվականի Սահմանադրությունը Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական եզրակացության է արժանացել ու հավելեց, որ այս հարցը քննարկել է իր եվրոպացի կոլեգաների հետ: Վտանգավոր համարո՞ւմ եք Եվրոպայի խորհրդի ամենահեղինակավոր կառույցի հասցեին հնչող նման մեղադրանքը վարչապետի կողմից:

-Ճիշտ նկատեցիք, որ դա վտանգավոր է երկրի համար, որովհետև դա տանում է դեպի մեկուսացում: Մենք սահմանադրական փոփոխություններից առաջ երկու տարի հասարակության և բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումներ ենք իրականացրել և այդ ամենը համաձայնացրել ենք Վենետիկի հանձնաժողովի հետ, որը բարձրագույն մարմին է: Բոլոր քաղաքակիրթ երկրներն իրենց սահմանադրական փոփոխությունները համաձայնեցնում են Վենետիկի հանձնաժողովի հետ և այդ տոնով խոսել մի կառույցի մասին, որը շատ լուրջ դերակատարություն ունի իրավական դաշտում սահմանադրությունների հետ կապված, ես կարծում եմ, դա պարզապես անհարիր է լուրջ և քաղաքակիրթ քաղաքական գործչին: Սա մեզ կարող է տանել դեպի մեկուսացում: Որևէ մեկը Եվրոպայում չեմ հավատում ու երբեք չեմ հավատա, որ կարող է լուրջ վերաբերվել մի երկրի, ում ղեկավարը այսպիսի հայտարարություններ է անում: Հիմա աշխարհում շատ տարածված են պոպուլիզմը, պոպուլիստական հայտարարությունները և այդ ոճի մեջ գործող գործիչները, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի: Եթե մենք այդ ամենը համաձայնեցրել ենք, եթե մենք ԵԽԽՎ-ի հետ, Վենետիկի հանձնաժողովի հետ, տարբեր այլ միջազգային կառույցների հետ մշտապես համագործակցել ենք որպես կոլեգաներ, դա միայն մեր հեղինակության վրա կարող էր դրական ազդեցություն ունենալ: Եթե բոլորին մերժես, բոլորին համարես առոչինչ, բոլորի մասին տարօրինակ և նույնիսկ վիրավորական հայտարարություններ անես, վերջում դա անպայման անդրադառնալու է մեր վրա սանկցիաների ձևով, պատիժների ձևով, և մնացած այլ ձևերով, որոնք կարող են կիրառվել: Դա համարում եմ անհարիր, դա համարում եմ անընդունելի:

Վարչապետն իր խոսքում նշեց, որ նորիշխանությունների ու հեղափոխականհարթակի՝ օրինականության, սիրո ևհամերաշխության ներմուծած բանաձևիշնորհիվ է, որ շատշատերը ժողովրդի կողմիցինքնադաստանի չեն ենթարկվել: Ինչպե՞սկմեկնաբանեիք այս հայտարարությունը:

-Այդ հայտարարությունը կմեկնաբանեմ որպես ուղիղ սպառնալիք ընդդիմադիր ուժերին, որովհետև եթե որևէ քաղաքական ուժի ղեկավար կամ երկրի ղեկավարի պաշտոնը զավթած մարդը կարող է իրեն թույլ տալ սպառնալ, իրապես սպառնալիք եմ համարում: Որովհետև, եթե թույլ տանք, եթե թույլ չտանք, ձեզ էս կանեն, ձեզ կսպանեն… դուք տեսեք, թե այս երկու տարվա մեջ ինչ սպառնալիքներ, ինչ մեթոդներ են կիրառվել բոլոր այն քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների հանդեպ, ովքեր չեն ենթարկվում կամ իր մտքերին հակառակ այլ մտքեր են առաջ բերում: Դա նշանակում է՝ նա պարզապես հրահրում է, սադրում է: Որևէ երկրի ղեկավար իրավունք չունի նման արտահայտություններ թույլ տալ, որովհետև դա պարզապես նշանակում է, որ «եթե ես թույլ տամ, կգան, ձեզ կսպանեն, ձեր գլուխները կջարդեն» կամ չգիտեմ ինչ կանեն: Այս ամենը հենց իրենց ներդրած, ստեղծած ատելության խոսքի տրամաբանության մեջ եմ դիտում: Ես խորապես համոզված եմ, որ մեզ նման երկրում, որ չափազանց մեծ մարտահրավերներ ունի, այս ամենը պարզապես դեպի կործանում է տանում: Այն թշնամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ներսում հրահրում է, այն ատելությամբ, որով պայքարում է այլախոհների դեմ, և այն ռեվերանսները, որոնք անում է թշնամի երկրի ղեկավարների առաջ, ես համարում եմ անտրամաբանական, անընդունելի և շատ վտանգավոր:

Արցախում մարտի վերջին ընտրություններ ենկայանալու: Վարչապետն այս առնչությամբհայտարարեց, որ արցախցիները չպետք էընտրեն այն թեկնածուին, ով թշնամականքարոզչություն է վարում ՀՀ իշխանություններինկատմամբ և սերմանում ներազգայինթշնամանք: Ո՞ւմ ի նկատի ուներ ՆիկոլՓաշինյանը:

Ամենամեծ ատելություն գեներացնողն ու սերմանողը եղել է ինքը: Հենց այսօր մենք տեսանք, որ Արցախում արդեն խժդժություններ են սկսվել: Այս պահին հրահրում են ինչ-որ միտինգներ, և մարդիկ ինչ-որ կոչեր են անում, որ Բակո Սահակյանը հրաժարական տա, ինչը համարում եմ անհասկանալի ու անտրամաբանական: Բայց դա կարող է ընդհանուր իրավիճակը սրել և անկայունություն ներմուծել: Դա հնարավոր է՝ հենց իրենց միջոցով է արվում: Իր հայտարարություններից հետո հենց մյուս օրը պարզվեց, որ Արցախում հակաիշխանական այդպիսի խժդժություններ են ձևավորվում: Որևէ մեկը մեր երկրում այսպիսի թշնամանք, ատելություն իր ժողովրդի մեջ չի սերմանել, չի բաժանել այդպես ժողովրդին, ընտանիքներում, տարբեր վայրերում, ինչպես արվել է այդ իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանի և իր ուժերի միջոցով: Սա ամենաանընդունելի և ամենավտանգավոր գործընթացն է, որ տեղի է ունենում:

Զրուցեց Հայկա Ալոյանը

365news.am

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ