24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փնտրեցին չգտան. Փաստ

Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտության վրա ՀՀ նոր օրհներգի տեքստի համար մրցույթ է հայտարարվում։ Ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ստացվող հայտերն ուսումնասիրելու համար։ «Փաստը» որոշեց տեղեկանալ, թե ինչ է արվել անցած մեկ տարվա ընթացքում։ Հայտերի ուսումնասիրման աշխատանքային խմբի համակարգող Լեւոն Սահակյանը նշում է՝ մոտ 200 հայտ են ստացել։

«Աշխատանքային խումբը մի քանի նիստ է հրավիրել, ուսումնասիրել ստացված հայտերը, բայց կար մի խնդիր։ Ի սկզբանե դրված էր շատ բարձր չափանիշ։ Պետք է այնպիսի տեքստ լիներ, որը կհամապատասխաներ Արամ Խաչատրյանի երաժշտությանը։ Հենց այդ չափանիշից ելնելով՝ դժվարանում էր ընտրանքը։

Կային հայտեր, երբ տեքստը լավն էր, բայց երբ այն զուգակցվում էր Խաչատրյանի երաժշտության հետ, համադրությունը չէր ստացվում։

Կար նաեւ հակառակ պատկերը, երբ խոսքերը համադրելի էին, բայց կային խնդիրներ տեքստի կազմության եւ իմաստային առումով։ Սա հաշվի առնելով՝ աշխատանքային խումբը եկավ այն եզրակացության, որ դեռեւս գտնված չէ այն լավագույն տարբերակը, որը կհամապատասխաներ Արամ Խաչատրյանի երաժշտությանը եւ սահմանված բարձր նշաձողին։

Մենք, կարծես թե, դժվար երկընտրանքի առջեւ կանգնեցինք՝ կա՛մ պետք է երաժշտությունը հրաշալիորեն համապատասխանի տեքստին, կա՛մ էլ պետք է լինի բովանդակային համապատասխանություն։ Ցավոք, չգտանք այն հայտը, որը մեզ չէր կանգնեցնի այդ երկընտրանքի առջեւ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանը։ Հետաքրքրվում ենք՝ հայտերի ընդունման գործընթացը շարունակվո՞ւմ է։

«Նոր հայտեր չենք ստացել։ Այս պահին առկախել ենք գործընթացը։ Հնարավոր է՝ քննարկումների արդյունքում գանք այն եզրակացության, որ ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն կա։ Աշխատանքային վերջին քննարկման ժամանակ տարբեր կարծիքներ են հնչել, սակայն դեռեւս այս առումով հստակություն չկա։

Գուցե այս գործընթացները պետք է անցնեն ժամանակի փորձությունները, որպեսզի հասկանանք, թե որն է այն լավագույն ձեւաչափը, ընթացակարգը հայտերի ներկայացման առումով։ Այս պահին աշխատանքային խումբը նոր հայտերի ընդունման կամ դրանց դիտարկման ընթացակարգի վերաբերյալ օրակարգ չունի։

Կարելի է ասել, որ օրակարգը փակվել է նրանով, որ աշխատանքային խումբը չգտավ, չբացահայտեց այն ընդունելի եւ լավագույն հայտը, որը փնտրվում էր»,-եզրափակում է թերթի զրուցակիցը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ