24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սահմանադրությունը գրվում է խելամտության, այլ ոչ թե՝ խելագարության կանխավարկածով». Վարդան Այվազյան

Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա ժամերին ստորագրի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորի ստորագրությամբ ներկայացված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխության» նախագիծը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը, ապա մոտ 2 ամսից ՀՀ քաղաքացիները պետք է գնան ընտրատեղամասեր՝ ստորագրելու ՍԴ 7 դատավորի լրազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օգտին կամ դրա դեմ:

ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

«Հանրաքվեն ժողովրդի կամարտահայտության միջոց է, ոչ թե պոլիտտեխնոլոգիաներով անցկացվող գործընթաց: Որպեսզի ժողովուրդը կարողանա հստակ արտահայտել իր կամքը, և որպեսզի այդ կամարտահայտությունը լինի լեգիտիմ, իշխանությունը պետք է բոլոր ջանքերը ներդնի հանրաքվեի անցկացման համար հասարակության մեջ ապահովելու ներդաշնակության ու հանդուրժողականության մթնոլորտ: Բոլորդ էլ տեսնում եք, թե մեզ մոտ ինչ լարված և ատելության մթնոլորտ ունենք, և ատելության մթնոլորտի պարագայում, երբ մենք նախաձեռնում ենք հանրաքվեի գործընթաց, հանրաքվեն չի կարող իրական կերպով արտահայտել ժողովրդի կամքը»,- ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագետ Վարդան Այվազյանը:

 

Կա՞ արդյոք Սահմանադրության մեջ որևէ դրույթ, որն արգելում է ատելության մթնոլորտի պայմաններում իրականացնել հանրաքվե:

«Նման կետ Սահմանդրության մեջ չէր էլ կարող լինել»,- հարցին ի պատասխան՝ ասաց սահմանադրագետ Այվազյանը:

Ըստ նրա՝ դա կարելի է համեմատել բժշկության հետ: Ի վերջո, բժշկության մեջ որևէ տեղ գրված չէ, որ առանց հիվանդին համակարգային անալիզներ անելու՝ թույլատրվում է նրան վիրահատել:

«Սահմանադրությունը գրվում է խելամտության, այլ ոչ թե՝ խելագարության կանխավարկածով»,- շեշտեց Այվազյանը:

Այվազյանի խոսքով՝ եթե հանրաքվե իրականացնելու հարց դրվի, ապա պետք է ձևավորվեն հանրաքվեի կողմ և դեմ քարոզչական կառույցներ: Ըստ Այվազյանի՝ դա հնարավորություն կտա այսօրվա իշխանություններին մերժող  քաղաքական ուժերին համախմբվել և իրենց գործունեությունը բերել պաշտոնական քարոզչության հարթակ: Իրավագետն այս դեպքում չի  բացառում բախումները հասարակության տարբեր շերտերի միջև:

Իրավագետի բնորոշմամբ՝ իշխանությունը փորձում է գնալ հանրաքվեի՝ հիմքում ունենալով ոչ թե՝ իրավական հիմնավորումներ, այլ՝ էմոցիոնալ պոռթկումներ: Իսկ առանց իրավական հիմնավորումների հանրաքվեի կարելի է դնել ցանկացած հարց:

«Եկեք հանրաքվեով փոխենք բազմապատկման աղյուսակը, կամ հանրաքվեով որոշենք, որ փետրվար ամիսը պետք է 50 օր ունենա, ամեն ինչ կարելի է դնել»,- ասաց Վարդան Այվազյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ