Արա Հարությունյանը հանդիպել է տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների հետ
Հուլիսի 1-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի հետ:
Վարչապետը նշել է, որ օրեր առաջ հանրապետության նախագահի հետ ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ շոշափվել են բնագավառում առկա որոշ խնդիրներ, և հանձնարարական է եղել շահագրգիռ մարմինների մասնակցությամբ քննարկումներ իրականացնել: Անդրադառնալով կառավարության կողմից վերջին տարիներին կատարված բարեփոխումներին` Ա. Հարությունյանը ընդգծել է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ ոլորտն ազատականացնելու համար: Բացի վարչարարության պարզեցումից, վարչապետի խոսքով, Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից որոշ ընկերություններ աջակցություն են ստացել նոր մեքենաներ ձեռքբերելու համար: Ոլորտի բարեփոխմանը միտված այս ձեռնարկումներն ուղղված են տաքսի ծառայությունների որակյալ աշխատանքի ապահովմանը, ինչը կխթանի նաև զբոսաշրջության զարգացումը:
Հանդիպմանը ներկա ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը իր հերթին նշել է, որ ընթացիկ տարում ավելացել է տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների թիվը, և ներկայումս հանրապետության տարածքում լիցենզավորված են ավելի քան 300 տաքսի մեքենաներ:
Վարչապետը ներկաներին առաջարկել է բաց և համարձակ քննարկում անցկացնել՝ բարձրաձայնելով ոլորտում առկա հիմնախնդիրների մասին: Ողջունելով կառավարության ղեկավարի` իրենց ընդունելու նախաձեռնությունը, տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջնահերթ խնդիրներից առանձնացրել են զգալի թվով չլիցենզավորված տաքսիների առկայությունը, ինչը խանգարում է օրինական դաշտում գործող ընկերություններին ու անհատ ձեռնարկատերերին: Մատնանշվել են արտասահման մեկնելու ժամանակ դեղին համարանիշներով երթևեկելու հետ կապված դժվարությունները, գազի սակագնի, հաշմանդամներին տաքսի ծառայություններ մատուցելու իրավունքի տրամադրման, ճանապարհների անբարեկարգ վիճակի, ինչպես նաև հարկերի` բարձր լինելու հետ կապված հարցեր:
Անդրադառնալով վերոնշյալ խնդիրներին՝ վարչապետը, նախ, պատասխանատու կառույցներին հրահանգել է խստացնել վերահսկողությունը, որպեսզի չլիցենզավորված մեքենաներով տաքսի ծառայություններ չմատուցվեն: Ա. Հարությունյանի հանձնարարությամբ` կվերանայվեն դեղին համարանիշները սպիտակով փոխարինելու ժամկետները: Վարչապետն անհամաձայնություն է հայտնել հարկերի բարձր լինելու վերաբերյալ դիտարկմանը, նշելով, որ ՀՀ-ի համեմատ ոլորտի հարկերը անհամեմատ ցածր են: Նա հավելել է, որ ներկաների կողմից մատնանշված` անբարեկարգ ճանապարհների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ մեծ գումարները գոյանում են հենց հարկերից:
Խոսելով հաշմանդամներին տաքսի ծառայություններ մատուցելու համար վարորդական իրավունք տալու մասին՝ վարչապետը շեշտադրել է, որ այդ հարցը հատուկ մոտեցում է պահանջում:
Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ ոլորտն ուսումնասիրվել է և գազալցակայանների սեփականատերերին սակագները կարճ ժամկետում վերանայելու առաջարկություն է ներակայացվել: Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք չեն ընդունի առաջարկվող փոփոխությունները, կառավարության լիազոր մարմնի կողմից կենթարկվեն համապատասխան պատժամիջոցների: