Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի․ 168․am
«Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը: Վերջինս հաստատել է մեր տեղեկությունը՝ հավելելով, որ որևէ կարգավիճակ ինքը չունի: Հարցին, թե ի՞նչ հարցեր են իրեն տրվել, նա պատասխանել է, որ չի կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է: «Դրա համար մարդիկ ստորագրում են, չէ՞»,- ասել է ԱԺ վերջին 25 տարիների Քարտուղարության անփոփոխ պետը:
Հավելենք, որ, մեր տեղեկություններով, երեքշաբթի օրը մեղադրանք է առաջադրվելու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, սակայն կալանավորման միջնորդությամբ ՀՔԾ-ն հանդես չի գա: Ա. Բաբլոյանին մեղադրանք առաջադրելու՝ ՀՔԾ-ի տրամաբանությունը, թերևս, հասկանալի է, քանի որ այլապես Արսեն Բաբայանին կալանքի տակ պահել չեն կարող»: