23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուշքի՛ արի․ Հրապարակ

Քանի մոտենում է հոկտեմբերի 27-ը, այնքան թեժանում են «Մեղրին հանձնելու» պլանների մասին անհեթեթ խոսակցությունները: Այդ մասին, դեմքի լուրջ արտահայտությամբ, ով ասես՝ չի բարբաջում եւ ով ասես՝ այդ բարբաջանքից չի բխեցնում, թե այդ հրեշավոր պլանի հետեւանք էր հոկտեմբերի 27-ը: Դատելով այս ամենից՝ կարելի է ենթադրել, որ նման խոսակցություններ ու քննարկումներ գեներացնող ՀՀ իշխանությունը, չի բացառվում, կարող է մի գեղեցիկ օր էլ «Մեղրին հանձնելու» հանցավոր մտադրություն ունենալու մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահին, մտադրություն, որ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի տեսքով: Ըստ երեւույթին, իշխանությունների եւ նրանց սպասարկող կլուբ-կառույցների մեջ կան մարդիկ, որոնք Փաշինյանին կհամոզեն, որ հոկտեմբերի 27-ի «փառապանծ» 20-ամյակը «փայլուն» առիթ է ՀՀ երկրորդ նախագահի վիճակն էլ ավելի ծանրացնելու եւ նրա կալանքը երկարաձգելու համար:

Եկեք, սակայն, մտնենք Նիկոլ Փաշինյանի դրության մեջ եւ փորձենք հասկանալ, թե ինչ կտա նրան այս նոր «գրոհը» Քոչարյանի դեմ, եթե նա տրվի իր շուրջը հավաքված իրավագետ- տիտանների մտասեւեռումներին: Փաշինյանն արդեն իսկ անհաջողության է մատնվել ՀՀ երկրորդ նախագահին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջարկելով եւ կալանավորելով:

Արդեն մեկ տարուց ավելի է՝ ոչ միայն մեղադրանքը չի հաստատվել, այլեւ նոր ապացույցներ են ի հայտ եկել, որ 2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման լուրջ սպառնալիքներ են եղել հենց ընդդիմության կողմից: Եվս մեկ անգամ ապացուցվել է, որ բանակը «պատժիչ» գործողություններ չի իրականացրել եւ զբաղված է եղել պետական շենքերի պահպանությամբ, որոնցում գիշերելու կոչեր, ի դեպ, մենք լսում էինք մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի պատվանդանին թառած հռետորներից: Վերջապես մեկ տարուց ավելի է, որ Փաշինյանի հայտարարությունը, թե մարտի 1-ը բացահայտել-պրծել եմ, մնացել է օդի մեջ, քանզի մարտի 1-ի բացահայտումը նշանակում է 10 անմեղ մարդու սպանությունների բացահայտում, ինչը չի արվել եւ նման մոտեցման պարագայում չի էլ արվելու: Չի արվելու, որովհետեւ մարդիկ, որոնք այդ օրվա գլխավոր դերակատարներն են եղել, ինքնասպան են լինում, բայց հրաժարվում են կեղծ ցուցմունքներ տալուց:

Եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունները դեռ կարելի է բացատրել Լեւոն Տեր-Պետրոսյանի, նրա ղեկավարած գեղի կլուբի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ ունեցած «личный неприязнь»-ով, ապա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող հալածանքները դիտարկվում են որպես վրեժխնդրության գործիքներ, որոնց կիրառմամբ փորձ է արվում հասնել Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս երկար ժամանակով բանտում պահելու նպատակին: Փաշինյանը տրվել է նաեւ այդ սցենարին եւ ավելի խորացրել իշխանության ճգնաժամը, որն այսօր ընդգրկել է գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած արդարադատությունից, վերջացրած երկրի անվտանգության համակարգով:

Տապալված արտաքին քաղաքականություն, տնտեսության անմխիթար վիճակ, հասարակության երկփեղկվածություն, արտագաղթ, ազգային արժեքների հանդեպ ձեւավորված քամահրանք, Արցախյան պատերազմի հերոսների անվանարկում, ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության խայտառակ անմեղսունակություն, դատախազությունում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում տիրող խառնաշփոթ, լրատվամիջոցների դեմ իրականացվող բռնաճնշումներ, քաղաքական դաշտի քայքայվածություն. ահա ոչ լրիվ ցանկն այն մարտահրավերների, որոնք առկա են այսօր: Եվ ո՞ւր է մեզ առաջնորդում Նիկոլ Փաշինյանը, որ այս ամենը թողած՝ կարող է Գյումրիում առավոտյան գովեստի խոսքեր շռայլել ՊԵԿ-ի հասցեին, իսկ երեկոյան «ջերմ» լուսանկար հրապարակել գինու շշով՝ ընտանյոք հանդերձ խոտերի մեջ թավալվելիս:

Մենք քանիցս գրել ենք, որ ԱԺ կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացը դատապարտված է տապալման: Բայց նաեւ հստակ է, որ ԱԺ-ին դա պարտադրվում է Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն շրջապատի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանության հետ սերտաճած նրա շոշափուկների կողմից: Վահե Գրիգորյանին ՍԴ խցկելն արդեն իսկ պետք է ազդանշան լիներ ԱԺ մեծամասնության համար, որ հերթական սկանդալն է հասունանում: Բայց սարսափելին այն է, որ այդ մեծամասնության մեջ չգտնվեց մեկը, որ ասեր, թե թույլ հիմքերի պատճառով ինչով կարող է վերջանալ ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու իրենց խայտառակ նախաձեռնությունը: Իմքայլականներից նրանք, ովքեր սա հասկանում էին, դեմ չքվեարկեցին, որովհետեւ հաջորդ իսկ վայրկյանին մնալու էին առանց մանդատի, որ որպես ողորմածություն ստացել են Փաշինյանից: Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ մանդատից հրաժարվելու մասին նրանց դիմումներն արդեն իսկ ստորագրված եւ դրված են Փաշինյանի սեյֆում, ինչպես հին ու բարի ժամանակներում էր արվում:

Ինչո՞ւ կանգ չառնել այսքանից հետո եւ մի հատ էլ պատգամավորի ուղեղով վատ մտածված քրեական հետապնդում սկսել ՍԴ նախագահի նկատմամբ՝ նրա ընտանիքի դեմ հանելով ազգային անվտանգության ողջ ծառայությունը: Քանի՞ անգամ պետք է Նիկոլ Փաշինյանը բախվի պատին, մինչեւ հասկանա, որ ի վերջո կան օրենքներ, որոնք շրջանցել ու ոտնահարել չի կարելի, որոնք կարող են մի գեղեցիկ օր բումերանգի կանոններով որոշել իր ճակատագիրը: Փաշինյանը չի՞ հասկանում, թե՞ պարզապես չի կարողանում արգելակել: Մասնագետներն արդեն պնդում են՝ Թովմասյանի նկատմամբ հարուցված հետապնդումը հակասում է ոչ միայն ՀՀ ազգային օրենսդրությանը, այլ նաեւ Եվրոպական կոնվենցիային, հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ 5-րդ հոդվածների սկզբունքներին:

Ուրիշ ի՞նչ լեզվով բացատրել Փաշինյանին, որ նա վերջապես հասկանա այս ամենը: Պետք է ուշքի գալ, կանգ առնել՝ ինչ գնով էլ լինի, գնահատել իրավիճակը, որ սպառնում է դուրս գալ վերահսկողությունից: Դեռ լավ է, որ չունենք պատերազմ, բայց դա չի նշանակում, որ վաղը եւս ապահովագրված ենք դրանից: Ողջ տարածաշրջանն է եռում մեր սահմանների մոտ, եւ պատկերացրեք՝ ամենեւին էլ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Հրայր Թովմասյանի մեղքով: Թավշյա հեղափոխություն, բարեփոխումներ… գլխներիդ կպնի այդ ամենը, եթե դա պետք է մեր ժողովրդի համար անկախություն արժենա եւ հանգեցնի կորուստների Արցախում, եթե դա պետք է նվազեցնի մեր հաղթանակների եւ պետականաշինության գործում ունեցած նվաճումները:

ՀԳ. Գնալով ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ «Կանգ առ» կոչն այլեւս ժամանակավրեպ է: Պետք է նոր կոչով դիմել ում որ հարկն է՝ «Ուշքի արի»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ