Պետական տեռոր:Ինչպե՞ս պատահեց, որ Գյումրիից դեպի Երեւան քայլող համակրելի երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների. Հրապարակ
Ինչպե՞ս պատահեց, որ համազգային ոգեւորությունից ու սեփական ձեռքով սեփական ճակատագիրը կերտելու էյֆորիայից հետո մենք այսպիսի անկում ապրեցինք։ Այնպիսի անկում, երբ ողջ երկիրը եւ մի քանի միլիոնանոց հասարակություն իր գերնպատակը տեսնում է ոչ թե համազգային իղձերի կատարման, ոչ թե զարգացած ու բարեկեցիկ երկիր կառուցելու, ոչ թե անկախ ու միջազգայնորեն ճանաչված Ղարաբաղ ունենալու, աշխարհին սեփական նվաճումներով ու հաղթանակներով հիացնելու մեջ, այլ Ռոբերտ Քոչարյանին դատելու եւ Հրայր Թովմասյանին հեռացնելու։
Ինչպե՞ս պատահեց, որ Գյումրիից դեպի Երեւան քայլող համակրելի ու համարձակ երիտասարդները, որոնք վեհ ու ազնիվ նպատակներ էին իրենց առաջ դրել եւ հանրային աննախադեպ աջակցություն ունեին, կամաց վերածվեցին փոքրիկ բռնակալների, քաղաքական հալածանքներ իրականացնողների եւ իրավապահ համակարգն իրենց հակառակորդների դեմ օգտագործողների։
Ո՞ր պահից սխալ ուղղությամբ գնաց մեր ընթացքը։ Եվ ինչպե՞ս պատահեց, որ մի քանի մարդու անձնական վրեժն ու հիվանդագին կրքերը դարձան համընդհանուր հանրային ուղենիշ, որին սկսեցին ծառայել ողջ պետական ռեսուրսը, իշխող կուսակցության ներուժը, հանրային պոտենցիալը։ Եթե նախկին իշխանությունները չնչին իսկ փորձ անեին անհանգստացնել Նիկոլ Փաշինյանի հորը կամ եղբայրներին, եթե մտացածին պատրվակներով քրեական գործեր հարուցվեին ընդդիմադիրների դեմ, պատկերացնո՞ւմ եք ինչ աղմուկ կբարձրանար։
Ինչպես կարձագանքեին դրան քաղաքացիական հասարակությունն ու միջազգային հանրությունը։ Ինչ նոտաներ ու հայտարարություններ կհղվեին։ Առողջ հասարակությունը չի կարող հավանություն տալ քաղաքական հետապնդումներին, անգամ եթե դրանք կիրառվում են իրենց չսիրած անձանց նկատմամբ։ Առողջ հասարակությունը պետք է կանխի պետական տեռորը։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: