Որևէ մեկին թույլ չենք տա զավթել
ԱԺ ՕԵԿ խմբակցությունը շարունակելու է քաղաքական խորհրդակցություններ անցկացնել մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց խմբակցության ներկայցուցիչ Մհեր Շահգելդյանը: ՛՛Կան ընդհանուր մոտեցումներ ու համագործակցության այս գործունեությունը մենք շարունակելու ենք: Դա դիտարկում ենք որպես ընտրական ու կուսակացական համակարգի ինստիտուցիոնալ կայացման խնդիր՛՛,-նշեց նա: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ արդեն հանդիպել է ՕԵԿ-ը:
Ինչ վերաբերում է լուրերին, թե տարածքային վեճ կա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև, ապա ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը շեշտեց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
՛՛Մենք ունենք տարածք, ունեցել ենք դահլիճ, որը օրենքով սամանված կարգով ունենք, դեռ վաղուց ունենք բոլոր փաստաթղթերը, ակնհայտ ապատեղեկատվություն է: Մենք ավելի քան ութ տարի օգտագործել ենք ու հիմա վերանորոգում ենք մեր դահլիճը՛՛,-ասաց Մարգարյանը: Նկատենք, որ ազգային ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի շենքերի միջև գտնվող հողային տարածքը վեճի առարկա է դարձել: ՕԵԿ-ը փորձել է ապամոնտաժել տարածքում եղած ավտոտնակի ծածկը, համալսարանից ՕԵԿ-ին դիմել են խնդրանքով` դադարեցնել ապամոնտաժումը:
Դիտարկմանը, թե միգուցե նման ճնշումների են ենթարկվում, քանի որ ընդդիմություն են դարձել, Մարգարյանն արձագանքեց. ՛՛Կյանքը ցույց կտա, այս պահի դրությամբ չեմ կարող ասել, գործընթացը ցույց կտա՝ ճիշտ եք, թե ոչ՛՛: Միաժամանակ պատգամավորը հստակ հայտարարեց. ՛՛Որևէ մեկին թույլ չենք տա զավթել մեր տարածքը՛՛: