Առանձին բուժհաստատություններ երեխաներին մերժում են իրենց հասանելիք անվճար դեղերը. Օմբուդսմեն
Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ: Մինչդեռ, Առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որտեղ ընդգրկված դեղերը բուժհաստատությունների կողմից պետք է տրամադրվեն անհրաժեշտ քանակով եւ անվճար:
Դեռեւս 2006թ. Կառավարությունն ընդունել է որոշում այն մասին, որ մինչեւ յոթ տարեկան երեխաներն իրավունք ունեն օգտվելու անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաները հիշյալ արտոնությունից կարող են օգտվել ավելի երկար՝ մինչեւ չափահաս դառնալը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, կարեւորելով երեխաների առողջության պահպանման իրավունքը, հորդորում է բուժհաստատություններին բարեխիղճ կերպով ապահովել անվճար դեղեր ստանալու երեխաների իրավունքը, իսկ ծնողներին` հետեւողական լինել եւ անհրաժեշտության դեպքում օգտվել այդ իրավունքից:
Բոլոր այն դեպքերում, երբ բուժհաստատություները կմերժեն համապատասխան դեղերի տրամադրումը կամ կտրամադրեն դրանք ոչ բավարար քանակությամբ, կարղ եք ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին:
Պաշտպանի Աշխատակազմ