«Կանգն» անխուսափելի է. Իրատես
Հայոց ՄԻՏՔՆ այսօր զբաղված է ուղիներ որոնելով: Իրավիճակը, իսկապես, ծանրերից է: Երկիրը, պետությունը ներսից է սկսել ինքն իրեն հարվածել:
Կենտրոնանալ մեկ մարդու վրա, որի համար գործում են չափանիշների բոլորովին այլ սանդղակներ, այլևս անիմաստ է: Բնական չափորոշիչներով նա ամենահարմարն էր` ներկա փուլում անելու այն, ինչ մոդելավորվել է թե՛ ներսի, թե՛ դրսի խաղացողների կողմից: Նրան վարժեցրել են, զարգացրել նրա միջի «կարողականությունները» այս օրը «կերտելու» համար: Այլ բան է` մենք չհասկացանք, որ մեր կողքին շնչող, ապրող, գործընկերոջ համարում ունեցողի մեջ կարող էր հատակը այդքան «խոր» ու ցավոտ լինել:
Ինչևէ. փաստը կայացած է, և խաղի սեղանին է հայ տեսակը` նրա ստեղծած փխրուն պետությունը: Խնդիրն այլ է. սույն պերսոնը միայնակ չէ, նա պաշտպանված է բոլոր հնարավոր պաշտպանիչ շերտերով:
Բնականն ասացինք. «հատակը» բավականին ծանրաբեռնված, երբեք չմաքրված, մանկությունից հետը բերածը` բազմապատկված, ծալծլված մի ողջ գալար, որն էլ փոխկանչի մեջ մտավ հայ ցածր տեսակի հետ։ Ցավալիորեն պարզվեց` հայոց «հատակը» բավականին ընդարձակ ու ծավալուն է այդ տեսակի առումով, որն անչափ գրագետ «շարժման» մեջ էին դրել «գործը» սկսած արտաքին ուժերը, ընդ որում, բավականին երկար և տևական ժամանակ. եթե չասենք` «Մեծ Մերձավոր Արևելքի» քարտեզագրման օրերից, 90-ականներին սկսված ԽՍՀՄ փլուզման, Ղարաբաղյան շարժումից մինչև մեր օրեր: Նրանց հայաստանյան ռեզիդենցիաներում այսօր էլ ավելի լուրջ աշխատանքներ են տարվում. թիրախը ոչ միայն Հայաստանն ու Արցախն են, այլև ու առաջին հերթին` Իրանը. Իրան «հասնելու» նրանց ուղին անցնում է նաև Հայաստանի միջով:
Հասկանալի է, նրանք ոչ մի բանի առջև չեն կանգնելու (տես` ուկրաինական քաղաքացիական, տարածքային չվերջացող պատերազմները), ուստի պետք է արձանագրել, թե ինչու է Լոսի ասֆալտին կանգնած «գերագույն գլխավոր հրամանատարը» հռչակում երկրի, նրա ԱԱԾ-ի ղեկավարի, մնացյալների նկատմամբ պատերազմական նոր փուլի մասին: Այո՛, հայոց բանակը, ուժային կառույցները կապիտուլյացիայի են ենթարկվում ներսից, և դա այն ժամանակ, երբ հայոց մեջ ընթանում էին լրջագույն զորավարժություններ, իսկ «գերագույնը» դրսում խոսում է ձերբակալված նախագահի ու այլ ձերբակալվածների մասին, ու նրանց անունները տալիս արժանանում է բուռն ծափահարությունների:
Սեփական նախագահի անհիմն կալանքի առնչությամբ ծափեր զարկող էթնոսը, որի երկու հարևաններն իր հարատև թշնամիներն են, կարո՞ղ է գոյատևել որպես արժանապատիվ ազգ, պետություն ու շարունակականություն… Դժվար հարցադրում է:
Սույն պերսոնը, վերը նշված «բաք օֆիսների» ձեռքը բռնած, համառորեն շարունակում է այն «գործը», որի համար «կանչվել» է. համառորեն թուլացնում է հայոց բանակը` բոլոր ուղղություններով, բոլոր ինստիտուտները` հայոց ոգին: Ի դեպ, տեղեկություններ կան, որ առաջիկա տասնօրյակում աշխատանքից կազատվի նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՈՒ թե ԱԺ-ում իշխանության երկնած օրինագիծն էլ «պսակվի» հաջողությամբ, և «բաք օֆիսները» ականջ ծամող, գլուխ ջարդող իմքայլականների միջոցով հասնեն նաև Սահմանադրական դատարանի տապալմանը… Եթե կյանքի կոչվի այն տեղեկությունը, որ ԱՄՆ-ից վերադարձած պերսոնը ունի 60 հոգանոց ցուցակ, որոնց նկատմամբ գործեր պետք է հարուցվեն, ձերբակալություններ լինեն, ապա երկիրը կդառնա ուրույն Գուլագ` ռեպրեսիաների վրա կառուցված և «ճոխ արոտավայր» իմքայլականների համար, ուր կխրախճի միայն սույն պերսոնը` յուր դիկտատով:
Բայց և կարծում ենք, որ «հատակից» վեր գտնվողները նույնպես քնած չեն: Եվ որքան էլ առկա է պնդումը, թե քանի դեռ այդ պերսոնի վարկանիշը բարձր է, ու «հատակում» խրախճողներն անչափ շատ են` մոտ 40 տոկոս, և մինչև այդ «տոկոսները» չմաշվեն, նրան «Կա՛նգ առ» չի պարտադրվի, այնուհանդերձ, ձնագունդը գլորվում է, և արդեն իսկ լուրջ քայլեր են արվում:
«Կանգն» անխուսափելի է:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում :