Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակից
Այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին օմբուդսմեն, ՛՛Ընդդեմ իրավական կամայականության՛՛ ՀԿ-ի տնօրեն Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ Հայստան-Նախիջեւան սահմանում վերջին օրերին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտմանը: ՛՛Ինչպես Ուկրաինայում եւ Սիրիայում են կարողանում խաղաղ բնակչության վրա ձեռք բարձրացնել եւ մնալ անպատիժ, այդպես էլ Ադրբեջանն է օգտվում դրանից: Կարծես թե Ադրբեջանը քարտ-բլանշ է ստանում այդ երկրների օրինակով՛՛,- ասաց նա:
“Ստացվում է, որ պետական մարմիններն այնպես են իրենց պահում, որ կարծես թե իրական պատասխանը մնում է ուժային կառույցի վրա: Մինչդեռ հարցը պետք է մտնի միջազգային ատյանների օրակարգ: Սակայն սա չի արվում”,- ավելացրեց տիկին Ալավերդյանը:
Ըստ նրա՝ երբ Հայաստանը տարատեսակ հայտարարություններին չի պատասխանում, տպավորություն է, որ Հայաստանն իրեն մեղավոր է զգում, որ կարողացել է դիմադրել եւ թույլ չտալ իրեն իր տնից հանեն:
Ասուլիսին ներկա էր նաեւ նախկին ազատամարտիկ, գրականագետ Վարդան Դեւրիկյանը, ով իր խոսքում նշեց,որ Ադրբեջանը եւս մեկ անգամ ցանկացավ շեշտել, որ ինքը բանակցային գործընթացում հանդես է գալիս ուժի դիրքերից:
Վերջինիս բնութագրմամբ՝ այս անգամ իրավիճակի տարբերությունն այն է, որ միջադեպը տեղի ունեցավ Նախիջեւանում.”Սրանով Երեւանը պատերազմի շունչը զգաց, որովհետեւ կրակոցները Երեւանին ավելի մոտ էին”,- նկատեց գրականագետը՝ շարունակելով, թե մենք պետք է ընդգծենք, որ Նախիջեւանի հետ սահմանը միայն հայ-ադրբեջանական սահման չէ։