՛՛Զարգացումներն այսօր պարզ կլինեն՛՛
՛՛Չէր նախատեսվում, որ հենց այսօր պետք է ստորագրվի, այսօր պետք է ճշտվի, նախագահը կոչ արեց մինչև ամիս 15-ը ստորագրել, սպասում ենք պատասխանի՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչու այսօր Աստանայում Հայաստանը չստորագրեց Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը, ասաց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:
Ճշտող հարցին, թե հնարավոր է, որ մինչև հունիսի 15-ն էլ չստորագրվի պայմանագիրը, նա պատասխանեց. ՛՛Չեմ կարող ասել, այսօր պարզ կլինեն զարգացումները: Հանդիպումները, քննարկումները շարունակվում են՛՛:
Նա նշեց, որ չի հետաձգվում պայմանագրի ստորագրումը, և խնդիրներ էլ չկան: ՛՛Ճանապարհային քարտեզը պատրաստ է, և կան մեկ-երկու չճշտված հարցեր, ու դրանք, ինչպես հանրապետության նախագահն ասաց, կարելի է մեկ-երկու օրում շտկել՛՛,-հավելեց փոխնախարարը:
Հարցին, թե ինչու է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարում, որ Հայաստանի հետ խնդիրներ կան, նա արձագանքեց. ՛՛Չեմ կարող ասել՛՛:
՛՛Ընդհանուր տրամադրվածությունը շատ դրական է, և ես կարծում եմ, որ նախագահի խոսքերում արտահայտված ժամկետները կիրականանան՛՛,-հայտարարեց նա:
Մանասարյանի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Բելառուսիան ու Ղազախստանը չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի այս կառույցին:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ստորագրել Հայաստանի` ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը մինչ ընթացիկ տարվա հունիսի 15-ը: