23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տնտեսվարողներին կանգնեցրել են փակուղու առաջ և մի կողմ քաշվել. 168 Ժամ

Հայաստանում ՀԴՄ սարքեր չկան, կամ առաջարկը չի բավարարում պահանջարկը։ Ու եթե մարդ ուզում է բիզնես սկսել` չի կարող, որովհետև ՀԴՄ չկա, իսկ առանց դրա աշխատելու դեպքում ՊԵԿ-ը սպառնում է տուգանք կիրառել։ «Ով որ հսկիչ-դրամարկղային մեքենա չունի և իրականացնելու է գործունեություն, այո՛, տուգանվելու է»,- ասում է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Իհարկե, Դավիթ Անանյանը ճիշտ է ասում։ ՊԵԿ-ը պարտավոր է տուգանք կիրառել ՀԴՄ չունեցող տնտեսվարողների նկատմամբ. դա օրենքի պահանջ է, ուրիշ կերպ չպետք է լինի։ Այլ հարց է, որ այս իրավիճակը նույն Պետեկամուտների կոմիտեի, ինչպես նաև կառավարության մեղքով է, ովքեր ժամանակին չեն հաշվարկել, որ շուկայի ազատականացումից հետո կարող է այսպիսի իրավիճակ ստեղծվել։

Այն, ինչ ունենք այսօր, պարզապես զավեշտ է։ Նման բան նույնիսկ չպետք է երևակայել։Մի պահ պատկերացնենք, որ օտարերկրյա գործարարը` լսելով կառավարության ու վարչապետի հորդորները, եկել, ներդրում է արել, ուզում է բիզնես սկսել, բայց ոչ իր մեղքով, ինչ-որ հսկիչ-դրամարկղային սարք չլինելու պատճառով` ամիսներով ստիպված է սառեցնել ներդրումը։ Իսկ եթե ներդրումը վարկի տեսքո՞վ է, և որի համար դեռ պետք է տոկո՞ս վճարել։Դժվար չէ պատկերացնել, թե դրանից հետո ինչ է անելու այդ գործարարը։ Ու այսքանից հետո կառավարությունն ուզում է՝ ներդրումներ անեն, փոքր բիզնես զարգացնեն, աշխատատեղ բացեն, հարստանան ու հարստացնեն պետությանը, երբ նույնիսկ նման հասարակ խնդրի պատճառով մարդիկ կարող են հայտնվել այսպիսի փակուղային իրավիճակում։Ի՞նչ անի քաղաքացին։

Այս հարցը նոր չէ, տարեսկզբից այն եղել է և այսօր էլ շարունակում է մնալ օդում կախված։ Լավ իմանալով այդ մասին` կառավարությունը վեց ամիս շարունակ ոչինչ չի արել այն լուծելու համար։ Իր խնդիրը համարելով դաշտի ազատականացումը` կառավարությունը մի կողմ է քաշվել։

Անշուշտ, լավ է, որ ՀԴՄ սարքերի ներկրումն ազատականացվել է, որ այլևս նախկինի նման՝ միայն ՊԵԿ-ը չէ, որ կարող է զբաղվել դրա ներկրմամբ, որ ցանկացած տնտեսվարող կարող է գնալ ու ՀԴՄ սարքեր բերել։ Բայց պարզվում է՝ միայն շուկայի ազատականացումը բավարար չէ, որպեսզի մարդիկ զբաղվեն այդ բիզնեսով։ Վեց ամսվա ընթացքում միայն մեկ ընկերություն է փորձել ՀԴՄ սարքերի ներմուծմամբ զբաղվել։

Իսկ ինչո՞ւ չկա հետաքրքրություն այս դաշտում։ Պատճառները պետք է փնտրել այնտեղ, որտեղից սկսվում է շուկայի ազատականացումը։ Գուցե դաշտն այնպե՞ս չէ կանոնակարգված, գուցե կան խոչընդոտներ կամ խնդիրնե՞ր` տնտեսվարողների մուտքի համար, գուցե որոշ մարդկանց համար պարզապես ձեռնտո՞ւ չէ, որ շատերը զբաղվեն ՀԴՄ սարքերի ներկրումով, գուցե այս ամենի հետևում այլ հետաքրքրություննե՞ր կան, և շուկայի ազատականացումից հետո ստեղծված իրավիճակը դրա հետևանք է։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հայտնի չեն։

Այն, որ կառավարությունն ազատականացրել է շուկան, դեռ ոչինչ չի նշանակում։ Եվ այնպես չէ, որ դրանով պետությունն իր գործն ավարտել է։

«Ինչ որ կառավարությունը պիտի աներ, արել է»,- ասում է ՊԵԿ նախագահը։

Մնացածն իրենց խնդիրը չէ։ Ոլորտի «ազատականացման ջատագովները» պիտի ժամանակին բերեին ՀԴՄ-ները, բայց չեն բերել։ Կառավարության մեղք չէ, որ չեն բերել։

Թե ինչո՞ւ չեն բերել, դեռ պետք է պարզել։ Հաստատ մի բան այստեղ այնպես չէ։

Բայց դա ոչնչով չի արդարացնում իշխանություններին։ Այս իրավիճակի մեղավորը ոչ թե շուկայի «ազատականացման ջատագովներն» են, ինչպես փորձում է ներկայացնել Դավիթ Անանյանը, այլ կառավարությունն ու Պետեկամուտների կոմիտեն են, որոնք պարտավոր էին ժամանակին լուծումներ գտնել։ Ոչինչ չեն արել ու հիմա մեղավորներ են փնտրում։

Հետաքրքիր է, իսկ եթե վաղը տնտեսվարողները որոշեն ալյուր կամ հացահատիկ չներկրել, մարդիկ պիտի սովից մեռնե՞ն, իսկ կառավարությունն ասի, թե ես իմ խնդիրը կատարել եմ, դաշտը ազատականացրել եմ, մնացածը ինձ չի վերաբերում։ Սա՞ է տրամաբանությունը։

Այս տրամաբանությամբ հաստատ հեռու չենք գնա։ Դեռ վաղուց կառավարությունը գիտեր, որ տարեսկզբից բազմաթիվ նոր հարկատուներ են մտնելու ՀԴՄ հսկողության դաշտ։ Խոսքը շուրջ 25 հազար տնտեսվարողի մասին էր, որոնք նախկինում դուրս էին ՀԴՄ կիրառելու պարտավորությունից։ Կառավարությունը գիտեր այդ մասին ու անհրաժեշտ քայլեր չի արել, որպեսզի մարդիկ կարողանային շարունակել իրենց տնտեսական գործունեությունը, էլ չասենք` նոր բիզնես սկսել։ Օրենքի գործողության մեջ մտնելուց վեց ամիս հետո շուկայում շուրջ 10 հազար ՀԴՄ սարքի չբավարարված պահանջարկի մասին է խոսվում։

ՊԵԿ-ը, որը նախկինում միանձնյա տնօրինել է ոլորտը, չունի անհրաժեշտ քանակությամբ սարքեր, եղածով էլ հազիվ փորձում է բավարարել սահմանամերձ համայնքների կողմից ներկայացվող պահանջարկը։

Ի՞նչ պետք է անեն մյուսները, հայտնի չէ։ Մեկ այլ դեպքում հիմա վարչապետը ֆեյսբուքյան լայվերով դիֆերամբներ էր ձոնել։ Բայց երբ հարցը նման կարևոր խնդիրներին է վերաբերում, ձայն-ծպտուն չի հանում։ Ու դեռ հարց է, թե այս վիճակն ինչքան կշարունակվի։ Առայժմ լուծումը չի երևում։

Թեպետ դժվար չէր տարեսկզբից որոշ տնտեսվարողների համար հսկիչ-դրամարկղային սարքերի կիրառման պարտադիր պահանջն ինչ-որ ժամանակով հետաձգել` մինչև իրավիճակը կպարզվեր։ Թե՞ նոր Հայաստանում կառավարությունն այլևս այդ սկզբունքով չի առաջնորդվում։ Ոչինչ, որ մարդիկ կանգնել են փաստի առաջ` ստիպված լինելով դադարեցնել գործունեությունը կամ գտնվել Հարկայինի թիրախի տակ։

Տարօրինակ է, որ այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ կառավարությունն այդքան կարևորում է ՀԴՄ-ների դերը ստվերային տնտեսության դեմ պայքարում, իսկ վարչապետն առիթը բաց չի թողնում հիշեցնելու, թե իշխանափոխությունից հետո քանի ավելի կտրոն է տպվել։

Թեև Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ոչինչ չի ասում, թե այս ընթացքում քանի նոր հսկիչ մեքենա է տեղադրվել և քանի կտրոն է տպվել դրանց կողմից։ Չնայած դաշտն ամբողջությամբ չի փակել, այնուհանդերձ տարեսկզբից մի քանի հազար նոր ՀԴՄ սարքեր են տեղադրվել, որոնք ևս միացել են կտրոն տպելու այն հույժ կարևոր գործընթացին, որն այդքան թմբկահարում է վարչապետը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ