28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սահմանադրական դատարանի ճգնաժամ չկա

«Վերջին օրերին հանրային դիսակուրսում ամենից շատ քննարկվող հարցը, այսպես կոչված,‹‹սահմանադրական ճգնաժամի›› հարցն է: Ընդ որում՝ ինչն է հետաքրքիր, որ շատերը, խոսելովայս թեմայի շուրջ, անում են ամենատարբեր առաջարկներ ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ՝չփորձելով անգամ հիմնավորել, իսկ ինչում է դրսեւորվում այդ ‹‹սահմանադրական ճգնաժամ››ասածը», – այս մասին գրում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը եւ մանրամասնում.

Նախ սահամանադրական ճգնաժամը, հավանաբար, ենթադրում է մի իրավիճակ, երբ առկա են իշխանության բոլոր թևերի կողմից սահմանադրությամբ իրենց վերապահված գործառույթներն ամբողջ ծավալով իրականացնելու անհաղթահարելի իրավական խոչնդոտներ: Իսկ քանի որ, փառք Աստծո, նման իրավիճակ մենք չունենք, ապա պետք է ենթադրել, որ ‹‹սահմանադրական ճգնաժամ›› եզրույթը օգտագործվում է սահմանադրական դատարանի գործունեության առնչությամբ:

Բայց արդյո՞ք մեզանում առկա է սահմանադրական դատարանի գործունեության ճգնաժամ: Արդյո՞ք սահմանադրական դատարանը այսօր հայտնվել է անգործունակ և կաթվածահար իրավիճակում: Արդյո՞ք սահմանադրական դատարանը ունակ չէ ամբողջ ծավալով իրականացնել Սահմանդրությամբ իրեն վերապահված սահմանադրական արդարադատության առաքելությունը:

Պետք չէ շատ խորաթափանց լինել նկատելու համար, որ սահմանադրական դատարանի գործունեությանը խոչընդոտող և Սահմանադրության պահանջներով պայմանավորված որևէ օբյեկտիվ գործոն կամ հանգամանք այսօր գոյություն չունի: Այսինքն չկա մի այնպիսի հանգամանք, որի բերումով սահմանադրական դատարանը և այն ներկայացնող պաշտոնյաները զրկված լինեն իրենց գործառույթները օրենքով նախատեսված ամբողջ ծավալով իրականացնելու հնարավորությունից:

Այդ դեպքում ինչու՞մն է խնդիրը: Պարզվում է, որ ինչ որ մեկի մտքով անցել է, քանի որ սահմանադրական արդարադատություն իրականացնող պաշտոնյաների պաշտոնը 2015թ. Սահմանադրությամբ այլևս կոչվում է ‹‹սահմանադրական դատարանի դատավոր››, այլ ոչ թե ‹‹սահմանադրական դատարանի անդամ›› (ինչպես մինչ այդ), ուստի այսօր գործող սահմանադրական դատարանի անդամներն ի պաշտոնե կորցնում են սահմանադրական դատարանի առաքելության իրականացման գործում իրենց մասնակցություն ունենալու իրավասությունը՝ նույնիսկ Սահմանադրության 213 հոդվածի առկայության պարագայում: Ընդ որում այս թեզի կողմնակիցները իրենց մոտեցումը փորձում են հիմնավորել նրանով, որ նշված 213 հոդվածում գրված չէ այն մասին, որ 2018թ ապրիլի 9-ից հետո սահմանադրական դատարանի անդամները կոչվելու են սահմանադրական դատարանի դատավորներ, թեպետ այդ հոդվածում սևով սպիտակի վրա գրաված է, որ մինչ վերը նշված ժամկետը նշանակված սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 2005թ Սահմանադրությամբ սահմանադրական դատարանի անդամի համար սահմանված ժամկետի ավարտը:

Ուստի բնական հարց է առաջանում. իսկ ի՞նչ կարգավիճակով, եթե ոչ սահմանադրական դատավորի կարգավիճակով,պետք է շարունակեն իրենց պաշտոնավարումը սահմանադրական դատարանի անդամները 2018-ի ապրիլից հետո, կամ արդյո՞ք սահմանադիրը սահմանադրական դատարանի դատավորին 2018թ ապրիլի 9-ից հետո վերապահել է սահմանադրական արդարադատության իրականացման գործում այնպիսի գործառույթներ, որոնք իրենց ծավալով և բովանդակությամբ որակապես տարբերվում են մինչ այդ սահմանադրական դատարանի անդամին վերապահված գործառույթներից, ինչն էլ կարող էր պատճառ դառնալ վերջիններիս հետագա պաշտոնավարման հնարավորությունից զրկելու համար: Իհարկե ո՛չ: Հետևաբար այն պաշտոնյաները, որոնք նախկինում (մինչ 2018թ ապրիլի 9-ը) իրականացնում էին Սահմանադրական դատարանին վերապահված սահմանադրական արդարադատությունը որպես սահմանադրական դատարանի անդամներ Սահմանադրության ուժով պետք է շարունակեն այդ նույն առաքելությունը՝ որպես սահմանադրական դատարանի դատավորներ: Մի՞թե պարզ չէ:

Հետևաբար սահմանադրական դատավոր և/կամ անդամ հասկացությունների հակասությունը զուրկ է իրավական որևէ հիմքից, արհեստածին է և ոչ միայն չի բխում Սահմանադրության պահանջներից, այլև հակասում է Սահմանադրությանը: Սահմանադրությունը չի կարող մեկնաբանվել որևէ իրավաբանի քաղաքական քիմքով պայմանավորված: 

Սահմանադրական դատարանի ճգնաժամ չկա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ