Մահացել է Ստեփան Շաքարյանը
Մահացել է կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը:
Շաքարյանի հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:
Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին Բաքվում: 1952 թվականին տեղափոխվել է Երևան: Ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իսկ 1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, այնուհետև՝ Լենինգրադի կոնսերվատորիա: Ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։
Նա ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարն է։
2009 թվականին «Շարմ հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներառվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուում:
Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիա, որոնք ընդգրկված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային և մի շարք այլ նվագախմբեր։ Ստեփան Շաքարյանը մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները հնչեցրել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։
Շաքարյանի հանրահայտ ստեղծագործություններն են` «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա», «Նախանձ», «Աղավնավանք» բալետները, Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար, «Կոմիտասի հիշատակին», «Հայաստան» սիմֆոնիկ պոեմները, Սիմֆոնիկ նախերգանքը:
Շաքարյանը հեղինակ է մի շարք մուլտֆիլմերի երաժշտության՝ «Հայելի», «Անհաղթը», «Պինգվին Վինը»: