Արթուր Աբրահամն` անձնական կյանքի, Vitamin ակումբի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին
Այսօր կայացած մամուլի ասուլիսում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է չեռնոգորցի Սյեկլոցայի դեմ մենամարտից առաջ տեղի ունեցած հետաքրքիր դեպքի մասին, երբ չեմպիոնական գոտին ռինգ բարձրացրեց Vitamin ակումբի անդամ Գարիկ Պապոյանը:
”Ես սիրում եմ, երբ հայերն արտասահմանում միասնական են: Ես եւ շատ հայեր սիրում են Գարիկին, Vitamin ակումբը: Տեղյակ էր, որ տղաները լինելու են մենամարտին եւ որոշեցի, որ դա տեղի ունենա”:
Գերմանիայում հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հտ ունեցած հարաբերությունների վերաբերյալ բռնցքամարտիկը նշել է, որ մարզիկները քիչ են ունենում ազատ ժամանակ, սակայն դեռ ժամանակ կլինի հետեւել միմյանց ելույթներին:
Աբրահամը հավելել է, որ համակրում է իսպանական ”Բարսելոնային” եւ Դորտմունդի ”Բորուսիային”:
Հայտնի բռնցքամարտիկն անդրադարձել է նաեւ իր անձնական կյանքին: Հիշեցնենք, որ մարզիկն ամուսնացած չէ:
”Անձնականում փոփոխություններ չեն լինի, քանի դեռ ես սպորտում եմ: Յուրաքանչյուր օր համակարգված է` մարզումներ, սնվել, քաշ գցել: Այսպիսին է սպորտը: Բռնցքամարտիկի կարիերաս ավարտելուց հետո միայն կսկսեմ վայելել կյանքը”,-նշել է Աբրահամը: