16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լատվիան շահագրգռված է զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ. Լատվիայի ԱԳ նախարար

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի հետ:

 

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վերհիշեց այս տարվա հունվարին Ռիգայում լատվիական կողմի ջերմ ընդունելությունը եւ գոհունակություն հայտնեց, որ ընդունելով հրավերը` նախարար Ռինկեւիչսը այսօր գտնվում է Հայաստանում:

 

Իր խոսքում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ “Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը: Վերջին տարիների ընթացքում այս ուղղությամբ նշանակալի քայլեր են կատարվել, տեղի են ունեցել Հայաստանի եւ Լատվիայի Նախագահների փոխադարձ այցելություններ, պարբերական են շփումները տարբեր գերատեսչությունների միջեւ”:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդգարս Ռինկեւիչսը նշեց, որ Լատվիան շահագրգռված է զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ եւ պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-լատվիական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության բազմաթիվ հարցերի:

Հատկապես կարեւորվեց անցած տարի ՀՀ նախագահի Լատվիա կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը` մասնավորապես միջկառավարական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որի անդրանիկ նիստը նախատեսված է գումարել հաջորդ տարվա առաջին կեսին:

Նախարարաները ընդգծեցին երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացնելու եւ խորհրդարանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան առեւտրատնտեսական կապերն ակտիվացնելու եւ ընդլայնելու հնարավորություններին, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը եւ ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունններին:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստան – Եվրամիություն հարաբերություններում, Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացի կապակցությամբ: Այդ համատեքստում նշվեց, որ Լատվիան որպես ԵՄ անդամ կարող է զգալի աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

Բանակցություններին պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակութային փոխանակումների ակտիվացման վերաբերյալ, մասնավորապես` 2014 թ. Ռիգայի որպես եվրոպական մշակութային մայրաքաղաքի տոնակատարություններին հայկական կողմից մասնակցության շուրջ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հանգուցալուծումն եւ բացառապես խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների` Իրանի միջուկային ծրագրի, Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ