23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Աթեշյանը Թուրքիայի ձեռքում խաղալիք է, անել են տալիս այն, ինչ ուզում են

«Թուրքիայում միշտ էլ փորձել են հայ համայնքին իրենց ձեռքի տակ պահել: Դա շատ նորմալ է, բայց հարց է, թե մենք կամ հայ համայնքն ի՞նչ է անում: Մենք պետք է տրվե՞նք այդ խաղերին, թե՞ պետք է կարողանանք մեր քաղաքականությունն առաջ տանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ստամբուլահայ  թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագոզյանը:

 

«Այն ժամանակ, երբ հիվանդացավ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը և չէր կարողանում որպես պատրիարք իր պարտականությունները կատարել, փոխանորդ Աթեշյանն էր կատարում սա և, քանի որ Աթեշյանը գիտեր՝ իր դիրքերը թույլ են, սկսեց պետության հետ համագործակցել:

Այդ համագործակցությունը միշտ պետք է լինի: Եթե անգամ արտասահմանից պատրիարք ընտրվի՝ չկարծեք, թե ազատ, անկախ քաղաքականություն է վարելու, ազատ պատրիարք է լինելու: Ով էլ լինի, ինչ էլ ասած լինի նախկինում, պետք է սկսի խաղի կանոններով խաղալ և այդ պետության հետ լավ հարաբերություններ ունենա:

Չնայած, լավ հարաբերություն ասածն էլ լայն կատեգորիա է: Այն չէ, ինչ Աթեշյանն է անում՝ իր աթոռը, դիրքը պահելու համար. նա լրիվ պետության ձեռքում խաղալիք է, իսկ պետությունն անել է տալիս այն, ինչ ուզում է: Սա ծայրահեղություն է»,- հավելեց Տիրան Լոքմագոզյանը:

 

Նրա փոխանցմամբ՝ համայնքն այսօր չեզոք դիրքում է, չնայած տարբեր կարծիքներ գոյություն ունեն, կա նաև Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի խնդիրը, ով մեկ քայլ առաջ է անում, երկու քայլ՝ հետ:

«Այսօր պատրիարքի երկու թեկնածու կա Թուրքիայից՝ Աթեշյանն ու Մաշալյանը: Մի քանի օր առաջ գումարվեց կրոնական ժողով, որը ղեկավարում էր Աթեշյանը: Օսմանյան ժամանակաշրջանից մնացած կանոնադրություն կա, որն իրականում ի զորու չէ այսօր լուծել հարցերը, սակայն, քանի որ ուրիշ բան չկա՝ մեկ-մեկ կանոնադրությունից ինչ-որ դրույթներ են օգտագործում: Դրույթներ, որոնց համաձայն՝ Աթեշյանը չպետք է նախագահեր: Սակայն իր ուժը ցույց տվեց և նախագահեց: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Մաշալյանը ձայն չհանեց, չթողեց, չհեռացավ, այլ համակերպվեց: Ի դեպ, այդ կրոնական ժողովի կազմն էլ տարիների ընթացքում ձևավորվել է Աթեշյանի կողմից: Եվ որոշումը, որ ամբողջ գործընթացը կարելի է սկսել առանց տեղապահի, Մաշալյանն ընդունեց ու Աթեշյանի հետ գնաց, ներկայացրեց պետությանը»,- մանրամասնեց Տիրան Լոքմագոզյանը:

Ինչ վերաբերում է դեռևս Օսմանյան կայսրության ժամանակներից մնացած կանոնադրությանը, բանախոսի խոսքով, ամեն անգամ պատրիարքի ընտրությունների ժամանակ սա խնդիր է առաջացնում:

«Ամեն անգամ բերվում է մեջտեղ հարցը, որ մեզ կանոնադրություն է պետք, բայց ամեն պատրիարքի ընտրությունից հետո կրկին մոռանում ենք այդ մասին, ու տասնյակ տարիների ընթացքում ոչինչ չի լինում: Կտեսնեք, որ նույնը հիմա է կրկնվելու»,- նկատեց թուրքագետը:

Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել նոր պատրիարքի ընտրության գնալ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Որոշում է ընդունվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և կրոնական ժողովի ընդհանուր ստորագրությամբ դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ժամանակացույցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու համար:

Հիշեցնենք, որ Ստամբուլում 2019թ. մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։ 2008 թվականից Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։

Պատրիարքն անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքո էր և չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր եկել նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ