Ո՞վ է վարչապետին տվել բանկային գաղտնիքները
Կենտրոնական բանկը կարծես թե գոհ է նոր կառավարության հետ աշխատանքից։ Համենայնդեպս, երբ հարցնում ես՝ ինչպես են կառավարության հետ հարաբերությունները, ԿԲ-ականների դեմքին ոգեւորություն է հայտնվում։ Նրանք ազատված են հին իշխանությունների «ճիրաններից», հիմա իրենց ավելի անկախ են զգում՝ ոչ միայն օրենսդրական առումով։ Թեեւ շատերը տարակուսում են՝ կառավարությունները փոխվում են, ԿԲ-ն ու Արթուր Ջավադյանը` մնում։ Նրանք անփոխարինելի են։ Ու ոնց որ թե լավ էլ սինխրոն վիճակում են գտնվում իրար հետ՝ ԿԲ-ն աջակցում է «հեղափոխական» ինստիտուտների ներդրման հարցում, օրինակ՝ «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգ է մշակում, կառավարությունն էլ թույլ է տալիս ԿԲ-ին իրագործել իր վաղեմի երազանքը՝ ստեղծել արժեթղթերի բորսա, որ Հայաստանում էլ մարդիկ կարողանան մասնավոր սեկտորից ակցիաներ գնել եւ վաճառել։ Սա կաշխուժացնի տնտեսությունը եւ կխթանի տնտեսական վիճակի բարելավմանը։
ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց, որ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ։ «Ես կարող եմ Ձեր ասածը պնդել, որ աշխատանքներ տարվում են կառավարության հետ, որովհետեւ սա էնպիսի մեծ աշխատանք է, որ միայն Կենտրոնական բանկն ի վիճակի չէ արժեթղթերի շուկան զարգացնել, եւ էստեղ շատ կարեւոր է այն քաղաքականությունը, որը վարում է կառավարությունը, այսինքն՝ ստվերի կրճատում, ստվերից դուրս բերել, որովհետեւ կորպորատիվ շուկայում ամենակարեւոր խնդիրը դա է, որ ստվերից դուրս գան ձեռնարկությունները եւ այնուհետեւ իրենք արդեն հասնեն այն մտքին, գաղափարին, որ ֆինանսական ռեսուրս ձեռք բերելու աղբյուրը ոչ միայն վարկն է կամ համատեղ ձեռնարկատիրությունը, այլ նաեւ կապիտալի շուկան, որտեղ պարտադիր չէ, որ իրենք 100 տոկոս սեփականատեր լինեն։ Նրանք կարող են կապիտալի շուկայի մասնակցության միջոցով ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերել։ Բայց որպեսզի որեւէ մեկը գնի որեւէ ձեռնարկության արժեթուղթ, բնականաբար, պետք է վստահ լինի, որ էդ ձեռնարկությունը բաց է, սպիտակ դաշտում է գործում»,- ասաց Դարբինյանը՝ հընթացս դրվատելով կառավարության վարած «հակաստվերային» քաղաքականությունը։
– Կենտրոնական բա՞նկն է ավելի շատ շահագրգռված այս հարցում, թե՞ կառավարության նախաձեռնությունն է՝ ստեղծել արժեթղթերի շուկա։
– Դե, ԿԲ-ն վաղուց է էս հարցերը միշտ բարձրացրել։
– Նախորդ կառավարությունների օրոք չէ՞ր ստացվում դա իրագործել։
– Դե, որովհետեւ նախորդ կառավարությունների օրոք էդքան հաջողությամբ ստվերի դեմ պայքարը չի տարվել։
– Հիմա ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության հետ աշխատանքը։
– Շատ արդյունավետ։ Մեր բոլոր օրենքի պահանջների տեսանկյունից՝ Կենտրոնական բանկի անկախության քաղաքականության մշակման, իրականացման տեսանկյունից եւ այլն, շատ արդյունավետ է, ե՛ւ անկախությունն է ապահովվում, ե՛ւ․․․
– Մեծացե՞լ է ԿԲ-ի անկախությունը նոր կառավարության օրոք։
– Այո, ես կասեի․․․ Կենտրոնական բանկի անկախությունը միշտ բարձր մակարդակ է ունեցել նաեւ նախկին իշխանության օրոք, եւ դա շարունակվում է նաեւ նոր իշխանության ժամանակ։
– Շատ է խոսվում ԿԲ աշխատակիցների բարձր աշխատավարձերի մասին, Ձեր հայտարարագիրը նայեցի՝ տարեկան մոտ 22 մլն դրամ աշխատավարձ եք ստացել։ Սա նորմա՞լ է Հայաստանի նման աղքատ երկրում։
– Տեսեք, ժամանակին, երբ որ ընդունվել է ԿԲ-ի մասին օրենքը, էդ ժամանակ օրենքի մշակողներն ու ընդունողները շատ ճիշտ որոշում են կայացրել, որպեսզի ԿԲ աշխատակիցների աշխատավարձը համադրելի լինի մասնավոր ֆինանսական սեկտորի հետ։ Ինչու, որովհետեւ Կենտրոնական բանկը եթե հանդիսանում է էդ նույն ֆինանսական համակարգի կարգավորողը եւ վերահսկողը, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականություն իրականացնողը, ուրեմն պետք է ունենա համապատասխան մասնագետներ։ Պետք է մեր՝ կարգավորողի գիտելիքների մակարդակն ավելի պակաս չլինի, քան ֆինանսական համակարգի մասնակիցների միջին աշխատողի եկամուտների չափը։ Տրամաբանությունը սա է։ Հակառակ պարագայում հնարավոր չի լինի ԿԲ-ում հավաքագրել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, եւ էդ պարագայում կտուժի ե՛ւ ֆինանսական կայունությունը, ե՛ւ գների կայունությունը։ Իսկ գների, ֆինանսական կայունության տուժելու պարագայում հասարակության կորուստներն ավելի մեծ կլինեն։
– Այսինքն՝ բարձր աշխատավարձերը կոմպենսացվում են պրոֆեսիոնալիզմո՞վ։
– Անպայման։ Տեսեք, մեր մոտից արդեն բավականին արտահոսք կա։ Եվ այդ արտահոսքը լինում է դեպի միջազգային կառույցներ, Համաշխարհային բանկ, խոշոր կոմերցիոն բանկեր։
– Այսինքն՝ դեռ մի բան էլ ցա՞ծր են ԿԲ-ի աշխատավարձերը։
– Իհարկե։ Որակավորումը բարձրանում է, եւ իրենց արդեն հրավիրում են շատ ավելի բարձր տեղեր։ Ամենավերջին, թարմ նորությունը Ձեզ ասեմ՝ մեր աշխատակիցներից մեկը մասնակցել եւ հաղթել է United Bank of Switzerland-ի հայտարարած կոնկուրսին եւ պետք է մեկնի արտասահման՝ աշխատանքի։ Եվ երեւի 5-6 անգամ ավելի բարձր է էնտեղ աշխատավարձը մեր համեմատ, հակառակ դեպքում քիչ տարբերության դեպքում չէր գնա։
– Պարոն Դարբինյան, հեղափոխությունից հետո տեղեկություններ եղան, որ Հայաստանի բանկերից կապիտալի արտահոսք է լինում։ Սա պայմանավորում էին քաղաքական իրավիճակով, վարչապետի որոշ քաղաքական հայտարարություններով, նրանով, որ բանկային գաղտնիքը չի պահպանվում, սկսվել է այդ գումարների բռնագանձման գործընթաց։ Եթե չեմ սխալվում, մոտ 200 մլն դոլարի կապիտալ է դուրս եկել Հայաստանից։
– Այդ մասին բազմիցս արձագանք եղել է, որ էդ պահին, այո, եղել է որոշակի քանակի ավանդների արտահոսք, բայց հետո դա վերականգնվել է։ Ձեր ասած թվից՝ 200 միլիոնից մի քիչ պակաս արտահոսքի մասին է խոսքը։ Եվ հետո դա վերականգնվել է, եւ հիմա նույնիսկ կա ավանդների աճ։
– Իսկ այն, որ վարչապետը տիրապետում է բանկային տվյալներին, մարդկանց հաշիվներին, սա բանկային գաղտնիքի հրապարակում չէ՞, ո՞վ է տրամադրում վարչապետին այդ տեղեկությունները, բանկե՞րը, թե՞ Կենտրոնական բանկը։
– Տեսեք, վարչապետը կամ ցանկացած պետական աշխատակից կարող է էդ ինֆորմացիան տրամադրել, երբ որ արդեն գործը հարուցվել է, կա դատարանի վճիռը, էդ պարագայում արդեն․․․
– Բայց հաճախ մինչեւ դատարանի վճիռն էր վարչապետը նման հայտարարություններ անում, հատկապես նախընտրական շրջանում։
– Ես չեմ կարծում։ Դրանք ուղղակի ենթադրություններ են, ոչ թե կոնկրետ, որ էսպիսին պիտի լինի։
– Դուք բացառո՞ւմ եք, որ Կենտրոնական բանկը կարող է բանկային գաղտնիք տրամադրել, նույնիսկ եթե դա վարչապետը պահանջի։
– Իհարկե։ Միայն դատական կարգով։
– Իսկ մասնավոր բանկե՞րը։
– Եթե բանկերն առանձին տրամադրեն, դա արդեն կարող են դիմել դատարան, ու բանկը համապատասխան պատիժ կրի, որովհետեւ էդ իրավունքը պաշտպանվում է օրենքով։
hraparak.am