Հայաստանում հող հանձնող չկա, Ադրբեջանում էլ ՝ Արցախը դեռ ճանաչող չկա. Էդմոն Մարուքյան
Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը բավականին մտահոգիչ է, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այն ոչ առաջին հայտարարությունն է, որը մտահոգիչ է, ոչ էլ, կարծում եմ, վերջինն է լինելու: Ամենամտահոգիչ ձևակերպումը հայտարարությունում այն է, որ ասվում է՝ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պատադիր կամքի արտահայտման միջոցով», սա ըստ էության, հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի հանրապետության քաղաքացիները 91 թ-ին դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են և դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Մեր կողմը պնդել է, որ դա տեղի ունեցած փաստ է, և հիմա կրկին խնդրել, որ նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է հաշվի չառնել այն հանրաքվեն», – ասաց Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ ԼՀԿ-ն նախընտրական փուլում հայտարարել է ու հիմա էլ հայտարարում է, որ աջակցում է իշխանության բոլոր այն ջանքերին, որով փորձ է արվում Լեռնայի Ղարաբաղի բնակչությանը նույնպես ներգրավվել և վերադարձնել բանակցային սեղան:
«Իշխանությունները, վարչապետը, ԱԳ նախարարը բանակցությունների ընթացքում պետք է շարունակեն պնդել, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան», – ասաց նա՝ ընդգծելով, որ պտուղ կարող են տալ միայն այն բանակցությունները, որոնց կմասնակցեն բոլոր կողմերը:
«Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա, Ադրջանում էլ Արցախը դեռ ճանաչող չկա: Այս առումով կարևոր է բանակցել, որովհետև ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան իրար վրա կրակելը», – ասաց Մարուքյանը: