Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում բռնության ցանկացած դրսևորում, ինչպես նաև անձի արժանապատվությունը նսեմացնող հրապարակային ցանկացած խոսք
Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Ոստիկանություն Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպով ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով։ Ի գիտություն ընդունելով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։ Հաշվի առնելով միջադեպը, դրան նախորդած ու հաջորդած մարդու իրավունքների տեսանկյունից մտահոգիչ զարգացումները, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է՝
Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում բռնության ցանկացած դրսևորում, ինչպես նաև անձի արժանապատվությունը նսեմացնող հրապարակային ցանկացած խոսք։ Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները․
պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը. այն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ․
նմանօրինակ միջադեպերին պետք է հաջորդի պետական իրավասու մարմինների արագ արձագանքը՝ երաշխավորելով իրավունքի գերակայության անվերապահ գործողությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իրավասության սահմաններում հետևողական է լինելու գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը։