23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՔԿ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի՝ ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ քննվող գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու մասին միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է, այս մասին հայտնել է Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանի խոսքով՝ ըստ ներկայացված միջնորդության՝ ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առևերույթ հաստատում են Ռոբերտ  Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով տուժողի դատավարական կարգավիճակ ստանալու, գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը նպաստելու և իր դատավարական շահերը արդյունավետ պաշտպանելու նպատակով միջնորդություններ ներկայացնելու իրավունք ունի:

«Միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են օրենքով սահմանված համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում տվյալներ ձեռք չեն բերվել դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ:

Նշվել է, որ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքներով նախաքննության ներկա փուլում դեռևս որևէ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել դատարանի գործունեությանը միջամտելու և Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն այդ միջամտության արդյունքում կայացված լինելու վերաբերյալ, ուստի նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու հիմքերը բացակայում են», – մանրամասնեց նա:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ նշված պատճառաբանությունը չի արտահայտում քրեական դատավարության պահանջները, քանի որ անձի՝ որպես տուժող դատավարական կարգավիճակի ճանաչումը չի կատարվում բացառապես այն դեպքում, երբ առկա են որևէ անձի մեղավորությունը հիմնավորող ապացույցներ, եթե առկա է ողջամիտ կասկած առ այն, որ որևէ գործողությամբ անձին պատճառվել է վնաս կամ կարող էր պատճառվել վնաս, վերջինս իրավունք ունի ստանալ դատավարական կարգավիճակ, մասնակցել գործի նախաքննությանը և ներկայացնել միջնորդություններ անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու համար:

«Միջնորդությամբ նաև շեշտադրվել էր, որ նույնիսկ, եթե դատարանի ակտը պայմանավորված չի եղել դատարանի հանդեպ միջամտությամբ, սակայն եղել է այդպիսի միջամտության փորձ /իսկ ձայնագրությունից ողջամիտ կասկած է առաջանում այդ հանգամանքի մասին/, կրկին, անձն ունի տուժողի դատավարական կարգավիճակ ստանալու իրավունք», – ասաց նա:

Դիտարկմանը, թե միջնորդությունը ներկայացվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը նույն գործով տուժող են ճանաչվել, արդյոք այդ հանգամանքով էր պայմանավորված միջնորդության ներկայացումը, Հ. Խուդոյանն ասաց, որ միջնորդություն ներկայացնելու գործընթացը նախաձեռնվել էր շատ ավելի վաղ:

«Մեր կողմից դեռևս սեպտեմբերի 24-ին հանցագործության մասին հաղորդում է հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազին՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հավանական դեպքի կապակցությամբ: Նույն հաղորդմամբ խնդրել ենք, որպեսզի այդ գործով ճանաչվի Ռոբերտ Քոչարյանի՝ որպես տուժողի դատավարական կարգավիճակը, ինչպես նաև, ինչը հատկապես կարևոր է, որ այդ գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնի անձամբ ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, քանի որ ենթադրյալ արարքը կատարվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից, նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարման իրականացումը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ և մեծ պատասխանատվություն:

Սակայն հաղորդմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազը հղում է կատարել ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործին՝ նշելով, որ այդ գործը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է՝ նկատի ունենալով նաև, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է դատական իշխանության ներկայացուցչի գործունեությանը միջամտելու առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ, ուստի առանձին քրեական գործ հարուցելու հիմքերը բացակայում են», – ասաց նա՝ ավելացնելով, որ մերժվել է գլխավոր դատախազի կամ տեղակալի կողմից անձամբ դատավարական ղեկավարում իրականացնելու խնդրանքը:

Շարունակելով խոսքը՝ փաստաբանն ասաց, որ ելնելով այդ պատասխանից՝ դիմել են ՀՀ քննչական կոմիտեի պետին՝ կցելով նաև դատախազության պատասխանը, սակայն, ինչպես պարզ դարձավ, այդ երկու մարմինների դիրքորոշումները չեն համապատասխանում իրար:

«Ուստի դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին որոշումը կբողոքարկենք Գլխավոր դատախազին», – ասաց նա՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Գլխավոր դատախազը, այնուամենայնիվ, այս գործով կստանձնի անձամբ դատավարական ղեկավարում իրականացնելու պատասխանատվությունը. «Քանի որ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազներն արդեն իսկ արտահայտել են իրենց կողմնակալ վերաբերունքը Ռոբերտ Քոչարյանի դեմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ