24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դուք ի՞նչ իրավունք ունեք առանց դատարանի որոշման անվանարկեք ՀՀ քաղաքացիներին. Շարմազանով

«Դուք ի՞նչ իրավունք ունեք առանց դատարանի որոշման անվանարկեք ՀՀ քաղաքացիներին»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը,  անդրադառնալով սեպտեմբերի 17-ին Ավանում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ  հանրահավաքին մասնակցող երեխաների ապագայի հանդեպ ոտնձգություն կատարողներին ոչ միայն կպառկեցնենք, այլեւ պատերով կտանք:

Շարմազանովն ընգծեց՝ տարիներ շարունակ Ալեքսանդր Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, մյուսների հետ կապված անընդհատ խոսվել է անօրինական մեծ գումարներ ունենալու, ուրիշի բիզնեսում փայ մտնելու մասին, և կարծում է որ հիմա չպետք է նստենք խոսակցությունները մեկնաբանենք. « Անընդհատ խոսվել է, որ ես ունեմ բազմաթիվ բիզնեսներ, որ ես կոռումպացված եմ, որ նույնիսկ Հունաստանում կղզի ունեմ, էլ չեմ ասում ապօրինի երեխաների մասին։ Սրանցից ո՞ր մեկը ճիշտ եղավ,-ասաց նա և հավելեց,-իրենց մասին էլ է շատ բան խոսվում։ Ասում են՝ ՀՀԿ-ականները կոռումպացված են, մեկդ կարո՞ղ է գտնել, որ ես պետական բյուջեի մեջ եղել եմ, մի կոպեկ պետությունից վերցրե՞լ եմ։ Իրենց նման չենք դրել շոու սարքել։ Մենք ապրիլյան զոհերի կողքին էլ ենք կանգնած եղել, բանակի կողքին էլ ենք կանգնած եղել, տնտեսության կողքին էլ ենք կանգնած եղել, ես իմ անձնական հնարավորություններն եմ ծառայեցրել ոչ թե իմ ընտանիքի բարօրությանը, այլ պետությանը»։

ԱԺ փոխնախագահը շեշտեց, եթե պետք լինի իրենք հատիկ-հատիկ կասեն՝ ինչ են արել. «Իմ մասին էլ են բազմաթիվ խոսակցություններ եղել, կանգնեցին ասեցին՝ Հունաստանում կղզի ունեմ, Լենինգրադում հյուրանոցներ ունեմ։ Ես էլ ասացի՝ ես Ալավերդու ծնունդ եմ, այս պահին գտնվում եմ Ալավերդիում և բացի իմ հայրական տնից, մի բուդկա անգամ չունեմ։

Հիմա նույնը Սաշիկ Սարգսյանի 50 տոկոսները, 4 ամիս է պարոն Փաշինյանն է իշխանության, ախպեր ջան, արդեն դու ընդդիմություն չես, եթե կա այդ 50 տոկոսը, բեր ասա՝ Պողոս Պողոսյանն ասում է՝ Սաշիկ Սարգսյանն իմ 50 տոկոսը խլել է։ Եթե դատարանը կապացուցի, որ այդպես է, կասեմ՝ մեռնեմ օրենքին։ Ես ասել եմ՝ Հայաստանում ոչ նախկինում, ոչ այսօր, ոչ վաղը, որևէ մեկը չի կարող օրենքից վեր լինել, բայց այն, ինչ այսօր կատարվում է, որևէ կապ չունի օրինականության հետ։

Վարչապետը հետևից է սկսել, փոխանակ փաստերի վրա քրեական գործ հարուցվի, ինքն էլ չմիջամտի, դատարանը որոշի, նոր վարչապետն իր գնահատականը տա, նա կոպտորեն խախտելով անմեղության կանխավարկածը, արհամարհելով բոլոր միջազգային նորմերը, ամբիոնից հայտարարում է, որ այս-այս մարդիկ սա են արել, նա են արել։ Դատարանի որոշում կա՞, պարոն վարչապետ, չկա։ Իսկ խոսակցությունների մակարդակով լիքը մարդ լիքը բան կարող է խոսել։ Այնպես չի, որ ձեր շրջապատի մասին բաներ չեն խոսում։ Հիմա մենք այդ խոսակցությունները հիմք ընդունե՞նք»,-նշեց մեր զրուցակիցը;

Վերջինս փաստեց՝ այս երկրում վարչապետը ոչ թե պետք է խոսակցություններ մեկնաբանող լինի, այլ կան իրավապահ մարմիններ, որոնք պետք է իրենց գործն անեն։ Շարմազանովը զարմացած է ՝ ի՞նչ է նշանակում՝ հանձնարարեցի ՀՔԾ պետին. «Օրենքով ՀՔԾ պետն իր գործառույթներն ունի, դատախազությունն իր գործառույթներն ունի, բա օրենսդրությունն ինչի՞ համար է, եթե ամեն ինչին դու պետք է հրահանգ տաս։ Սաշիկը չլինի, քո հարազատ եղբայրը լինի, կամ Արարատ Միրզոյանը, դու ինչ իրավունք ունես ամբիոնից կանգնես ու ՀՀ քաղաքացուն անվանարկես, եթե չկա դատարանի որոշում»:

Շարմազանովի համար Սաշիկ Սարգսյանը  պայմանական կերպար է, ինքը երևույթից է խոսում։

«Եթե կլինի դատարանի որոշում, մենք էլ կասենք՝ ախպեր ջան, հալալ է, բռնել ես, թող պատժվի։ Մտահոգիչը այն է, որ դեռ գործ չհարուցված, դատարանի որոշումը չեղած, քաղաքական իշխանությունը վարչապետի գլխավորությամբ, օգտագործելով իր բարձր լեգիտիմությունը հասարակության մեջ, ուղղորդում է և հերթական տեսարաններն է անում։ Դա շատ վատ է։ Հայտնի սկանդալային ձայնագրությունից հետո պետք է շեղել մարդկանց ուշադրությունը։ Ռոբերտ Քոչարյանն արդեն շանտաժի լեզվով է խոսում՝ ասելով, թե Փաշինյանը կփոշմանի, որ իր հետ «գլուխ է դրել»։ Սա ինչպե՞ս եք գնահատում։ Դուք Քոչարյանի մեկնաբանությունները տեսնում եք, Քոչարյանից հազարապատիկ ավելի բարձր սպառնալիք հնչեցնող Փաշինյանի սպառնալիքները չեք տեսնում։

Որ ասում է՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, ասում էր՝ խելոք պահեք, թե չէ ԱԱԾ-ն հետևներիցդ կգա, ասում էր՝ էդպիսի դատավոր կա՞, որ իմ ասածը չանի, որ ասում էր՝ կպառկացնեմ ասֆալտին։ Էդ ո՞ր օրենքով պետք է պառկեցնի ասֆալտին։ Դա ինչ է նշանակում, ո՞ւմ պառկեցնեն ասֆալտին, ՀՀ քաղաքացո՞ւն, ո՞ր օրենքով։ Ո՞ր օրենքով ես իրավունք չունեմ երեք ավտոյով շրջեմ։ Օրենք ընդունողը ես եմ, որտե՞ղ կա օրենք, որ նույն համարանիշներով մեքենաներով մարդիկ իրավունք չունեն իրար հետևից գնան։ Եթե ճանապարհային ոստիկանության կանոնները չեն խախտում, եթե մարդը հարբած չի, նորմալ վարում է, ով իրավունք ունի որոշի՝ Շարմազանովը 5 ավտոյով է շրջում, թե 10»,-շեշետեց նա և հավելեց, որ ։միայն ինքը  չի  արտահայտում այս մտահոգությունները։

Նա հիշեցրեց՝ օգոստոսի 17-ից հետո և Փաստաբանների միության նախագահը, և մարդու իրավունքների պաշտպանը, և հայտնի ձայնագրությունից հետո Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ հայտարարություններով հանդես եկան, որտեղ քննադատում են օրվա իշխանությունների քաղաքականությունը. «Իմ ասածը պարզ է՝ ամեն ինչ պետք է լինի օրենքով, օրենքը խախտողները պետք է պատժվեն դատարանի որոշմամբ»,-ավարտեց  Շարմազանովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ