Կառավարության օրակարգում կա՞ համաներման նախաձեռնություն. Արդարադատության փոխնախարարի պատասխանը
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե կառավարության օրակարգում կա՞ համաներման նախաձեռնության՝ ԱԺ-ին դիմելու հարցը։
«Վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013թ.։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեր քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են, ավելին, բազմաթիվ կալանավորներ կան, որոնց հանդիպել եմ Արմավիր ՔԿՀ-ում, և ակնհայտ է, որ նրանց հանրային վնասակարության աստիճանն այլևս ժամանակավրեպ է»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ համաներում իրականացնելու առաջարկով դիմել է նաև ՀՀ վարչապետին։
Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց, որ չի կարող այդ մասին խոսել, որովհետև համաներման հարցն ունի գաղտնիության ռեժիմ. «Մինչև վերջին րոպեն այն գաղտնի է լինելու հասարակությունից։ Բնականաբար, համաներման արդյունքում ՔԿՀ-ների բեռնաթափում կլինի, և այս առումով ուղղակի ասեմ, որ շահագրգիռ անձանցից մեկը նաև Արդարադատության նախարարությունն է»։
Զոհրաբյանը, այդուհանդերձ, շարունակեց պնդել, որ համաներումն ուղղակի անհրաժեշտություն է։ Պատգամավորը մեկ այլ խնդրի էլ անդրադարձավ. «Ցմահ ազատազրկման և առավել ծանր հանցագործությունների դեպքում կալանավորը զրկված է իր հարազատի՝ ծնող, կին, երեխա, հուղարկավորությանը մասնակցելուց։ Չե՞ք կարծում, որ մեր օրենսդրությունը ծայրահեղ խստացված է, և այստեղ նույնպես վերանայման կարիք կա, որովհետև երեկ ես մի կալանավորի համար դիմեցի արդարադատության նախարարին և, իհարկե, պատասխանն այն էր, որ առավել ծանր հանցագործության դեպքում կալանավորն ուղղակի իրավունք չունի մասնակցելու իր հոր հուղարկավորությանը։ Այստեղ նույնպես պետք է առավել ժամանակակից երկրների ՔՕ-ներին համահունչ դարձնենք։ Պատժի առավելագույն խստացումն ու այդ մարդկանց ՔԿՀ-ներում պահելը, չեմ կարծում, որ ամենաարդյունավետ տարբերակն է՝ այնուհետև հասարակական կյանքին ինտեգրելու համար։ Շատ ավելի ճկուն մեթոդներ կան»։
Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ ցմահ ազատազրկվածների պահման պայմանների հետ կապված հարցերը փոփոխման ենթակա են. «Արդարադատության նախարարությունն այս առումով շարունակաբար միջոցառումներ է ձեռնարկում։ Վերջին նախաձեռնությունը, որ ներկայացրեց կառավարությունը, ցմահ ազատազրկվածների տեսակցությունների թվի կրկնապատկումն էր։ Մեր ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ՝ մենք ընդլայնում ենք նաև ցմահ ազատազրկված անձանց իրավունքները, հետագայում եթե անվտանգության հարցերը լուծվեն, կկարողանանք նրանց թույլ տալ մասնակցել նաև հուղարկավորությանը»։