Քոչարյանի հետ համագործակցության հարցը ՀՀԿ-ում չեն քննարկել. Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցությունում չեն բացառում համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նման հայտարարություն է արել Ազգային ժողովի փոխնախագահ Էդաուրդ Շարմազանովը:
Կուսակցության մամուլի խոսնակը, միաժամանակ, ընդգծեց՝ ներկայացում է իր տեսակետը, և Քոչարյանի հետ համագործակցության հարցը ՀՀԿ-ում չեն քննարկել: – «Աշխարհաքաղաքական և արժեքային համակարգի առումով, այո՛, մենք կարող ենք նաև համագործակցել երկրորդ նախագահի հետ և ոչ միայն երկրորդ նախագահի հետ․ տարբեր քաղաքական ուժերի հետ։ Բայց դա ոչ թե լինելու է ընդդեմ հեղափոխության, ինչպես ցանկանում են դա ներկայացնել, այլ դա պետք է լինի հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության անվտանգության: Բայց սա իմ մասնավոր տեսակետն է: Մենք պաշտոնապես քննարկում չենք արել: Ես տեսականորեն՝ իմ կարծիքը արտահայտեցի»:
Երեկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով Մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հայտարարեց, որ վերադարձել է քաղաքականություն։
Դիտարկմանը, թե՝ ՀՀԿ իշխանության տարիներին Ռոբերտ Քոչարյանը բավականին սուր քննադատում էր Հանրապետականին, Շարմազանովը հակադարձեց՝ եղել են նաև ՀՀԿ-Քոչարյան արդյունավետ համագործակցության տարիներ:
«Ես կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը այն պետական գործիչն է, որը հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի անվտանգության, հանուն կարևորագույն հարցերի, պատրաստ է իր կուսակցության հետ քննարկել համագործակցությունը բոլոր այն առողջ ուժերի հետ, որոնք պատրաստ են դիմակայել այդ մարտահրավերներին, որոնց վտանգն այսօր կա։ Իսկ այն, որ այդ առողջ ուժերի մեջ, ըստ իս, մտնում է, և կարծեմ՝ նախևառաջ, Ռոբերտ Քոչարյանը, երկու կարծիք լինել չի կարող»:
Հարցին՝ Հանրապետականը ինչ֊որ բանակցություններ վարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի հետ, Էդուարդ Շարմազանովը պատախանեց․ – «Ոչ, բանակցությունների մասին խոսք չի եղել, մենք դեռևս գործադիր մարմնի նիստ չենք արել: Մենք մեր կարծիքն ենք արտահայտել Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված: Մնացածը՝ մենք ունենք մեր մոտեցումները․․․»: