28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Դատարանը մերժեց Զարուհուն

2014 թ. մարտի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ. Ա. Բաբայանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված դիմումի քննությունը: Հիշեցնենք, որ վերջինս մերժել էր քրեական գործ հարուցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի կողմից  ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա:

Սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր նախաքննության նյութերին ծանոթանալու և դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու պատճառով:

Դատաքննությանը պատասխանող ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանը կրկին չէր ներկայացել, ինչը, սակայն, քննարկման առարկա չդարձավ դատարանի կողմից:

Նախաքննության նյութերին ծանոթանալուց հետո դիմումատու Ա. Սաքունցը հայտնեց, որ դրանք հաստատում են կազմակերպության դիմումում ներկայացված հիմնավորումներն այն մասին, որ քննիչը ոչ բոլոր միջոցներն է ձեռնարկել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար: Մասնավորապես, տրամադրված նյութերում չկա թե՛ Խաչիկ Ասրյանից, թե՛ Զարուհի Փոստանջյանից բացատրություն վերցնելու փաստը հաստատող որևէ ապացույց: 

Ավելին, տրամադրված նյութերում կան զանգվածային լրատվական միջոցներից ներկայացված նյութեր, որտեղ Խաչիկ Ասրյանն մասնավորապես հայտարարել է.

“Օտար ուժերին սեփական հոգին վաճառած Զարուհի Փոստանջյանին վերաբերող բոլոր հարցերը ինձ համար անցած թեմա են, պատմություն: Բայց կրկնում եմ և զգուշացնում՝ որևէ մեկը, լինի իգական թե արական սեռի, ով այսուհետ ևս փորձի օտար պետություններում իմ պետության, իմ ժողովրդի, իմ նախագահի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարել, արժանանալու ավելի կոշտ և կոպիտ պատասխանների և գործողությունների, որոնք ես հիմա չեմ  մանրամասնի” (http://news.am/arm/news/177771.html):

Այնուհետև դատարանը դիմումատու Ա.Սաքունցին ուղղեց որոշ հարցեր, որոնց բնույթն ու տրամադրվածությունը վկայում էին դատավորի կանխակալ վերաբերմունքի մասին և արդեն իսկ կանխորոշում գործով կայացվելիք դատական ակտի ելքը:

Մասնավորապես, նախագահող դատավոր Մ. Մակյանը հետաքրքրվեց, թե արդյոք մինչ այժմ Զարուհի Փոստանջյանը շրջում է պահնորդական խմբով, որին ի պատասխան դիմումատուն հայտնեց, որ այդ մասին տեղեկություն չունի և խնդրին պետք է անդրադառնար նախաքննություն իրականացրած մարմինը՝ Զարուհի Փոստանջյանից վերցված բացատրությամբ:

Դրան ի պատասխան դատարանը հետաքրքրվեց, թե Ա.Սաքունցը գործով ինչ սուբյեկտ է հանդիսանում: Դիմումատուն հայտնեց, որ ինքն անձ է, ով, իմանալով կատարված հանցագործության մասին, հաղորդում է ներկայացրել համապատասխան մարմնին:

Դատարանը հարցրեց, թե արդյոք սպառնալիքները հնչեցնելուց հետո որևէ գործողություն, որևէ վտանգ իրականացվել է Խաչիկ Ասրյանի կողմից: Ա. Սաքունցը հայտնեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, քանի որ չի դիմել ոստիկանություն նման տեղեկատվություն ստանալու հարցմամբ:

Վերջնական խոսքում Ա. Սաքունցը մեկ անգամ ևս նշեց, որ Խաչիկ Ասրյանը կատարել է գործողություններ, որոնք չեն բխում իր պաշտոնեական լիազորություններից:

Լինելով գործադիր իշխանության ներկայացուցիչ՝ Խ. Ասրյանը սպառնալիքներ է հնչեցրել օրենսդիր իշխանության ներկայացուցչի հասցեին, մինչդեռ ՀՀ-ում իշխանությունները գործում են տարանջատման սկզբունքով:

Կատարված հանցագործության վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա վարույթն իրականացնող մարմինը չի կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, բացատրություն չի վերցրել Խաչիկ Ասրյանից և Զարուհի Փոստանջյանից՝ խախտելով օրենքի առջև հավասարության սկզբունքը:

Այդ իսկ պատճառով դիմումատուն դիմել է ՀՀ իշխանության երրորդ մարմնին այն ակնկալիքով, որ ՀՀ-ում արդարադատություն իրականացող մարմինը կպաշտպանի ՀՀ քաղաքացու շահերը: Դիմումատուն, խնդրեց բավարարել իր ներկայացրած բողոքը և գործն ուղարկել նախաքննության:

Դատարանը հեռացավ որոշում կայացնելու և կարճ ժամանակ անց հրապարակեց սույն գործով կայացված որոշումը, որով մերժեց կազմակերպության ներկայացրած դիմումը:

Աղբյուրը՝ hcav.am

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է դատական ակտը բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ