Ես պատերազմի վտանգ եմ տեսնում. Արամ Սարգսյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքը ԵԿՄ նախագահ դառնալու հայտ չի ներկայացրել և պատմեց, թե ինչպես են իրեն առաջարկել դառնալ Երկրապահ կամավորական միության նախագահ:
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսել է ամեն ինչում մեղադրել ԵԿՄ-ին` թացը չորի հետ խառնելով:
Ես ինքս հայտ չեմ ներկայացրել երկրապահի նախագահ լինելու: Հավանաբար, շատ երկրապահներ համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է, և` որպես երախտագիտություն, սկսեցին զանգել կամ գրել ինձ, որ կիսում են իմ տեսակետը ու լավ կլինի, որ ես լինեմ Երկրապահ կամավորական միության նախագահ»,- ասաց Արամ Սարգսյանը:
Նա հավելեց, որ իրեն դիմել են նաև ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություններ և կոչեր անելու հարցով, սակայն ինքը խնդրել է, որ նման բաներ չանեն, որովհետև վերջնական որոշում կայացնողը Երկրապահ կամավորական միության համագումարն է:
«Ես ասել եմ, որ ես նման հայտ չեմ ներկայացրել, ավելին` ես քաղաքական մարդ եմ, ես այդ հարցին ինքս դեռ պատասխան չունեմ, իսկ այդ հարցի պատասխանը պիտի տա երկրապահը: Ես գտնում եմ, որ երկրապահը կարևոր է այսօր: Ես պատերազմի վտանգ եմ տեսնում և համարում եմ, որ պատերազմի դեպքում նույնիսկ 70 տարեկան զենք բռնող անձը մեզ համար կարևոր է:
Ես կարծում եմ, որ Երկրապահ կամավորական միությունը մեր երրորդ հանրապետության ամենալուրջ արժեքներից է, որը, պաշտպանելով Հայաստանը, նաև իր հենքի վրա բանակ ստեղծեց: Մենք այդ արժեքները մի կողմ ենք դնում, սկսում ենք փնովել ամեն ինչ, ոչնչացնում ենք այն արժեքները, ինչը մինչև հիմա եղել է, իսկ ի՞նչ ենք փոխարենն առաջարկում: Կամ պիտի մտածենք, թե այս ամենը ո՞ւմ է ձեռք տալիս:
Չէ՞ որ ցանկացած պետություն քանդելու առաջին քայլը լինում է այդ պետության հերոսներին վարկաբեկելուց, որ խրամատում նստած զինվորը մտածի, որ երկրապահը երկրապահ չէ, գեներալը գեներալ չէ, կաթողիկոսը կաթողիկոս չէ, բա այդ դեպքում ինքը ի՞նչ է պաշտպանում, ո՞ւմ է պաշտպանում: Սա գերկարևոր թեմա է, որն այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում նույնիսկ մեր տնտեսական վիճակից էլ կարևոր է: Դրա համար ես փորձել եմ տեսակետ հայտնել, պետք է ասեմ, որ շատերը չկիսեցին իմ տեսակետը, բայց ես երբեք հակված չեմ եղել լինել քաղաքական գործիչ, ում մոտեցումները բոլորը կիսել են»,- ասաց Սարգսյանը:
Հարցին` համաձա՞յն կլինի ընդունել ԵԿՄ նախագահ դառնալու առաջարկը, եթե առաջիկա համագումարում հենց իրեն ընտրեն միության նախագահ, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ԵԿՄ համագումարը շատ խնդիրներ պետք է լուծի, իսկ ինքը հակված է օգնել այդ հարցում: «ես հակված եմ, որ ինձ ամենաբուռն քննադատող երկրապահները և իմ կողմնակից երկրապահները հավաքվեն մի ընտանիքում, հավաքվեն այնպես, ինչպես Վազգեն Սարգսյանի (ՀՀ ՊՆ՝ 1991-1992, 1995-1999թթ., վարչապետ՝ 1999 հունիսի 11-հոկտեմբերի 27, ԵԿՄ հիմնադիր ) ժամանակ էր և իրենց մեջից ընտրեն երկրապահի նախագահ: Ես միանշանակ դրա կողմնակիցն եմ, սակայն այստեղ կան բազմաթիվ «բայցեր»:
Ես կարծում եմ, որ ժամանակն է վերանայել Երկրապահ կամավորական միության կանոնադրությունը, որովհետև բազմաթիվ փոփոխությունների խնդիր կա: Երկրորդ` կա կառույցը նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովելու խնդիրը: Չի բացառվում նաև, որ միության վարչությունն անցնի կոլեգիալ կառավարման, չի բացառվում: Բազմաթիվ «բայցեր» կան, որոնց կոնկրետությունը դեռ չկա, իսկ եթե կոնկրետություն դեռ չկա, ես չեմ կարող վերջնական բան ասել: Բայց վստահեցնում եմ, որ ես իսկապես Երկրապահ կամավորական միության նախագահ դառնալու հայտ չեմ ներկայացրել»,-նշեց Սարգսյանը։