Տեղի ունեցավ «Նոր սերնդի կրթություն» հարթակի առաջին քայլի երրորդ հանդիպումը
Այսօր տեղի ունեցավ «Նոր սերնդի կրթություն» հարթակի առաջին քայլի երրորդ հանդիպումը, բանախոսներն էին կրթության ոլորտի մասնագետները:
«Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն իր ելույթում անդրադարձավ այլ երկրներում կրթության մեխանիզմներին, մեթոդներին և ներկայացրեց էստոնիայի, ֆինլանդիայի և այլ երկրների օրինակը: Նա կարևորեց ազգային, մշակութային ինքնության դերը կրթական միջավայրում: Ըստ նրա՝ մեր նպատակը պետք է լինի այն, որ աշակերտը հասնի իր լավագույնին, ոչ թե պարտադիր լինի գերազանցիկ:
«Պետք է ունենանք տեսլական, թե ինչ ենք ուզում, ուր ենք ուզում հասնել, ինչ տեսակի մարդ ենք ուզում և, թե հանրությունը, դպրոցը, նախարարությունն ինչպես կարող են օգնել, որ երիտասարդները հասնեն իրենց լավագույնին»- ասաց նա և նշեց, որ տեսլականը չի կարող կազմվել մեկ օրվա մեջ, այլ դա երկար աշխատանք է:
«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը գտնում է, որ լավ դպրոցը երեք կարևոր հատկանիշ պետք է ունենա։ «Առաջինն այն է, որ երեխաները երջանիկ լինեն և սիրեն գալ դպրոց, երկրորդը՝ դպրոցում իրականացվում է ուսուցում, երեխան ամեն դասի հավելյալ գիտելիքներ է ստանում և գոհ է դուրս գալիս դասից և երրորդ կարևոր հատկանիշը, որ դպրոցում կա՝ զարգացում»,- ասաց նա և նշեց, որ ստուգումների կատարելիս բավարար է, որ այս հատկանիշները լինեն։ Ըստ նրա՝ դրանք հեշտ են թվում, սակայն դժվար է դրանք կյանքի կոչել։
Արամ Փախչանյանը նշեց, որ ամեն ինչը ուսուցչական որակներից է կախված, ծրագրերից և համակարգից: «Վերջնական նպատակը պետք է լինի կրթական համակարգն առաջ տանելը: Ուսուցչի վարկանիշը պետք է բարձրացնել հանրության մեջ և պետք է այնպես անել, որ որակյալ ուսուցիչները բարձր աշխատավարձ ստանան»,- ասաց նա և նշեց, որ պետք է հավասար հնարավորություններից հասնել հավասար պայմանների:
Քննարկմանը ներկա կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն իր խոսքում ասաց, որ կարոտով է հիշում, երբ աշխատում էր դպրոցում, քանի որ աշակերտներից անընդհատ սովորում էր, թե ինչպես իրենց հետ աշխատել:
«Համոզված եմ ասում, չկա երեխա, որը տաղանդ չունի, որը չի կարող սովորել, ուղղակի յուրաքանչյուրի կարողությունը պետք է ճիշտ գնահատես: Յուրաքանչյուր երեխային որակյալ կրթություն տալու երաշխիքը նրա կարողությունների հիման վրա կառուցած կրթությունն է»,-ասաց նա և նշեց, որ այն դպրոցը կհամարվի լավը, որը կբացահայտի յուրաքանչյուր երեխայի համար անհատական կրթության գաղտնիքը և այն կկիրառի գործնականում:
Scholae Mundi ներկայացուցիչ Վերոնիկա Զոնաբենդը նշեց, որ ծրագրեր են իրականացվում,
որպեսզի Հայաստանը ինտեգրված լինի գլոբալ հասարակությանը։ «Այս երկիրը մեծ ներուժ ունի, որպեսզի ցատկ կատարի կրթության ոլորտում համաշխարհային մակարդակի հասնելու համար»,-ասաց նա և նկատեց, որ Հայաստանում վերջին իրադարձություները ցույց տվեցին, որ երիտասարդները փոխեցին երկրի ուղղությունը:
«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանն էլ գտնում է, որ գիտելիքի հմտությունները և որակները պետք է տարանջատել: «Արդյունքը կրթության ոլորտում մարդն է և գերազանց արդյունքը չափվում է, թե որքանով է երեխան իր հնարավորությունների համաձայն կարողացել առողջ կերպով զարգանալ»,-ասաց նա և կարևորեց նաև դաստիարակության դերը:
Արա Աթայանը նկատեց, որ, երբեմն, դանդաղ ընթացող երեխան հետո կարողանում է արագ կերպով իր տեղը գտնել: «Կարծում եմ, որ դպրոցն այն տեղն է, որտեղ մարդը ձևավորվում է իր ամբողջությամբ և դպրոցից դուրս եկողը պետք է գիտակցված մասնագիտական ընտրություն կատարի»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է շուտափույթ կերպով թվանշանային գնահատականից պետք է ազատվել: