Արարատ Միրզոյանը հանդիպե՞լ է Մեդվեդեւին. Հրապարակ
Երեկ թերթը դիմել եւ ողջ օրը սպասել է, որ կառավարության լրատվականները կպատասխանեն իրենց հարցերին: Խոստացան, բայց չուղարկեցին: Հարցերն առնչվում էին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ Դուշանբե կատարած այցին, ուր նա մասնակցել էր ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին: Փորձում էին ճշտել՝ պարոն Միրզոյանը հանդիպե՞լ է ՌԴ վարչապետի հետ: Եթե՝ ոչ, մերո՞նք չեն նախաձեռնել, թե՞ ռուսական կողմը: Հիշեցնենք, ի պատասխան լուրի՝ «թիվ մեկ բորտով» եւ մեծ պատվիրակությամբ մեկնելու կապակցությամբ, Միրզոյանը պարզաբանել էր, գրելով՝ նիստի մասնակիցներին «տեղեկացրեցի, որ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների բերումով նախագահի լիազորությունները, ըստ էության, փոխանցվել են վարչապետին, իսկ վարչապետինը՝ 1-ին փոխվարչապետին, ուստի այսուհետ ԱՊՀ պետությունների գլուխների ձեւաչափում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ վարչապետը, իսկ կառավարությունների ղեկավարների խորհրդում՝ ՀՀ առաջին փոխվարչապետը»: Հիշեցնենք, որ վարչապետների հանդիպումներին հայկական կողմը ներկայացնող ղեկավարները՝ Տիգրան Աարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան, միշտ «տետ ա տետ» հանդիպումներ են ունեցել ՌԴ կառավարության ղեկավարի հետ: Իսկ ՀՀ Սահմանադրությունն առաջին փոխվարչապետի պաշտոն առհասարակ չի նախատեսում, այսինքն՝ «լիազորությունների փոխանցման» մասին խոսք չկա:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: