Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը դիվանագետներին
«Կա մի խնդիր՝ կապված մեր դիվանագիտության թե՛ մարտավարության, և թե՛ ընդհանուր մթնոլորտի հետ։ Հիշենք 2008 թիվը, մարտի մեկից հետո ամբողջ դիվանագիտական կազմը աշխարհում արդարացնում էր իշխանության արարքը և փորձում էր ներկայացնել որպես մի խումբ խուժանների հեղաշրջում՝ ռազմական ձևով, ուժային ճանապարհով իրականացրած մի արարք։ Դիվանագետները արդարացնում էին թե՛ իշխանությունների կողմից զենքի կիրառումը և թե՛ քաղաքական բանտարկյալներ ունենալու հանգամանքը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի փորձագետ Հովհաննես Իգիթյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա ասում է, որ դիվանագետները Ազգային ժողովի առջև պետք է հաշվետու լինեն։
«Կարելի է ասել, որ մենք ունեցել ենք ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականություն, այլ Հանրապետական կուսակցության արտաքին հարաբերությունների իրականացում։ Դիվանագիտությունը մեկ նպատակ պետք է ունենա՝ Հայաստանի հանրապետության համբավի բարձրացումն ու նստավայր պետության հետ երկկողմանի հարաբերությունների զարգացումը, իսկ հիմա ստեղծվել է բարենպաստ մթնոլորտ, ամբողջ աշխարհը հետևում էր Հայաստանի զարգացումներին, դրա գնահատականը հնչել է բոլոր հայտնի լրատվական միջոցների կողմից՝ որպես ժողովրդավարական հեղափոխություն, իհարկե այս մթնոլորտը պետք է ամրապնդվի նաև դիվանագիտության ճիշտ աշխատանքով։ Դա կբարձրացնի Հայաստանի համբավը և կօգնի լուծել ցանկացած մեծ խնդիր, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հարցը»,-հավելեց նա։