Մեր հերոսները ինչ-որ մարդկանց պատճառով հայտնվել են ճաղերի հետևում
Այսօր վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Արցախի հերոս, Իգլա-ի և փողերի լվացման գործով 6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի աջակիցները: Նրանք պահանջում էին անհապաղ նիստ գումարել, վերանայել խափանման միջոց կալանավորումը ու ժամ առաջ ազատ արձակել քաղբանտարկյալին:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը բողոքի ակցիայի ժամանակ հայտարարաեց, որ այս ակցիան ուղղված չէ ՀՀ նոր իշխանության դեմ, նա ասաց, որ սա քայլ է նոր իշխանությանն օգնելու համար. «Մեր քայլն ուղղված չէ նոր Հայաստանին, մեր քայլը հօգուտ Հայաստանի է, մենք պետք է ոչ թե պարտադրենք, այլ հասկացնենք, որ այսպես չի կարելի։ Մեր հերոսները դրսում են լինելու, որովհետև ինչ-որ մարդկանց կամքով են հայտնվել ճաղերի հետևում, իսկ այդ մարդիկ այլևս չկան»:
Երվանդ Բոզոյանը, ով նույնպես ի աջակցություն Սամվել Բաբայանի եկել էր բողոքի ակցիայի, ասաց որ դատական համակարգը պետք է փոխվի։ Նրա խոսքով՝ դատավորները շանս ունեն օբյեկտիվ որոշում կայացնելու և երես չթեքելու նոր Հայաստանից։
Վճռաբեկ դատարանի մոտ Սամվել Բաբայանի աջակիցների բողոքի ակցիան ավարտվեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ ակցիան տեղի կունենա հունիսի 15-ին, երբ քննվելու է Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
Ընդգծենք, որ Սփյուռքում և Արցախում սկսվել են ստորագրահավաքներ՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների։
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման։
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։
Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, մյուսները՝ 2-ական տարի ազատազրկման, և նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, սահմանվել է փորձաշրջան: