Որոշ պաշտոնատար անձինք ուզում են աչոկ հավաքել
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ բողոքարկել են ձերբակալությունները 3 պաշտպաններով: «Երեկ հանձնել ենք դատարանի գրասենյակ, այսօր ստացել ենք բողոքները վերադարձնելու մասին որոշումներ, և պատճառն այն է, որ մեզանից մեկը որոշել է հայրանունը նշել: Այսինքն՝ ստից պատճառով են վերադարձրել, որ սովորական դեպքում դա ուշադրության առարկա չէր դառնա: Նման վրիպակները շատ են լինում սովորական գործունեության մեջ: Իհարկե, կար 3 ժամ՝ դա շտկելու, մենք շտկեցինք և նորից ներկայացրինք: Հիմա սպասում ենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մի քանի պատգամավորների կողմից ստորագրությանը առ այն, որ փոխվի քաղաքապետի խափանման միջոցը, ապա փաստաբանն ասաց, որ այդ լիազորությունն ունի հսկող դատախազը, ուստի դա ներկայացվել է Գլխավոր դատախազություն: «Թե ինչ ճակատագիր ունի այդ նամակն, այս պահին մեզ հայտնի չէ»,-նկատեց նա:
Խոսելով Մասիսի քաղաքապետարանի կողմից տարածված հաղորդագրության մասին, որ այս ձերբակալությունը չունի որևէ իրավական հիմք՝ Տիգրան Աթանեսյանն ընդգծեց. «Որպես ձերբակալման հիմք նշված է, որ ինչ-որ ականատես մատնացույց է անում մարդկանց՝ որպես զանգվածային անկարգությունների մասնակից: Դա բավականին ծիծաղելի է, որովհետև նման կարգը գործում է, երբ որ հանցագործությունը նոր է կատարվել, և 1-2 ժամվա մեջ անձին ձերբակալում են: Երբ որ դեպքից անցել է 37 օր, եթե անգամ նման ականատես կա, ինչին ես կասկածում եմ, նա պետք է հարցաքննվի, առերեսվի, պետք է մատնացույց անի, թե կոնկրետ ով ինչ գործողություններ է արել: Այս դեպքում դա չկա, մենք տեղյակ չենք՝ այդ ականատեսն ով է, ինչ է ասել, և առհասարակ ինքն այնտեղ եղել է, թե ոչ՝ հաշվի առնելով, որ իմ պաշտպանյալներից ասում են, որ իրենք այնտեղ ընդհանրապես չեն էլ եղել, ոչ դեպքն են տեսել, ոչ էլ, բնականաբար, մասնակցել են»:
Տիգրան Աթանեսյանի համոզմամբ՝ սա վերածվում է մի իրավիճակի, երբ առանց որևէ ապացույցի դիմել են ռեպրեսիայի՝ հաճոյանալու մեր նոր կառավարությանը: Համոզված եմ, որ մեր նոր կառավարությունը նման ցուցում չէր կարող տալ և չի տվել, ուղղակի որոշ պաշտոնատար անձինք ուզում են աչոկ հավաքել՝ Վիգեն Խաչատրյանի դափնիները 96 թվականի իրենց հանգիստ չեն տալիս: Փորձում են հանրության մոտ ինչ-որ տպավորություն թողնել, ինչը սխալ է, թեկուզև հանրությանը դա կարող է դուր գալ: Բայց օրենքը ոչ մեկի կողմից չպիտի ոտնահարվի,վաղն էլ կարող է ոտնահարվել ամենալավ հեղափոխականի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին` այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը Էրեբունիում ձերբակալվել են, դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Դեպքին ականատես են եղել նաև ոստիկաններ, որոնք չեն միջամտել: Այս դեպքով քրեական գործը հարուցվել է զանգվածային անկարգության հոդվածով:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ քրեական գործի շրջանակներում 5 անձ ձերբակալվել է, որոնց թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը: