ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստաի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստաի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական օգնության ոլորտում երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության զարգացման խնդիրներն ու հեռանկարները: Հաշվի առնելով հարևան բարեկամ երկրների քաղաքացիների ակտիվ փոխայցելությունները, գլխավոր դատախազները շոշափել են նաև Հայաստանում և Վրաստանում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովմանը, միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի կառուցակարգերը կատարելագործելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին իր հրավերն ընդունելու և դատախազության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար՝ նշելով, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանք գործադրել երկու երկրների դատախազական համակարգերի միջև շփումներն առավել ակտիվացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներով գործաակցությունը խորացնելու ուղղությամբ:
Շնորհավորելով պարոն Շոթաձեին Վրաստանի անկախության, ինչպես նաև երկրի դատախազության հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ Արթուր Դավթյանը նշել է, որ մեծ խորհուրդ կա, որ դրացի բազմադարյա ժողովուրդներն այս օրերին միասին են կիսում անկախության նվաճման հոբելյանական տոները՝ ինչը պարտավորեցնում է ավելի սերտացնել հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: ՀՀ գլխավոր դատախազն իր գործընկերոջը սիրով հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հուլիսին կայանալիք ՀՀ դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
ՀՀ գլխավոր դատախազը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում՝ մասնակցելու այդ երկրի դատախազության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: