«Դատական համակարգը մշտապես կլյուչոկով կախված է եղել նախագահականից»
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր Գլխավոր դատախազության հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց, թե դատական համակարգը մշտապես կլյուչոկով կախված է եղել նախագահականից: Ապա նա հարցրեց, թե երբ են ուսումնասիրվելու պաշտոնյաների հայտարարագրերը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ ապօրինի հարստացման մասին օրենքը վավերական դարձավ նախորդ տարի, որը ենթադրում է, որ անհամապատասխանության դեպքում, իհարկե, մանրամասն ուսումնասիրություններ կարվեն, ցանկացած հակասություն, բնականաբար, վարույթի հարուցման կհանգեցնի:
Զոհրաբյանն ընդգծեց, որ Հայաստանի անկախացումից ի վեր դատական համակարգն այլասերվել է: «Դուք վստա՞հ եք, որ այն դատավորները, ովքեր իրենք իրենց թույլ չեն տվել անկախ մտածել, ունա՞կ են իրականացնել իրենց՝ օրենքով պահված լիազորությունները: Որովհետև դժվար է 20 տարի սպասել, հասկանալ, թե ով ինչպես է քեզ պարտադրում աշխատել, հետո սկսել նորմալ աշխատել»:
Գլխավոր դատախազն արձագանքեց՝ համաձայն չէ պատգամավորի հետ, սակայն այն դատավորները, ովքեր չեն համապատասխանում օրենքի պահանջներին, հեռացվում են: