22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միայնակ կին, ավելի միայնակ, քան պարզապես մարդը…

Հմայիլներ

1. Անուններ

Կհիշեմ մի օր անունդ, թռչուն`
Ճախրանքի պահին գրկած ամպերին ամենաբարձր,
Եվ քո անունը, ոսկելողակ ձուկ`
Սուզվելու պահին այն ջրերի մեջ,
Ուր առեղծվածը ամենախորքի
Փայլում է անճեղք խեփորի միջից,
Կհիշեմ մի օր անունդ, նժույգ,
Խենթ պահին վարգի,
Երբ մկանապիրկ մարմինդ վեր է
Տարածությունից և ժամանակից,
Կհիշեմ մի օր անունդ, ծաղիկ,
Բացվելու պահին,
Երբ գեղեցիկի անթարգմանելի նշան ես, խորհուրդ :
Եվ քո անունը, փոքրիկ, փոքրիկ խոտ`
Հրաշքի պահին,
Երբ որ արևից, օդից ու հողից
Կյանք է ներծծում քո հունդը հղի,
Եվ դեպի լույսն է վերձգվում ծիլը :
Կհիշեմ մի օր անունները ձեր,
Երբ էլ չեն հնչի իրար թախիծով
Հյուսված տառերը`
Վանդակում հանգչող երկնաբաղձ թռչնի,
Նժույգի` լծված դիակասայլին,
Աղբահորի մեջ նետված ծաղիկի,
Ոտնատակ եղած նորածիլ խոտի`
Ի~մ անունները :
Մի օր կհիշեմ բոլորովին այլ`
Զանգակաձայն ու զվարթ անուններ,
Եվ նորահրաշ
Մեր անուններով մենք կզարդարվենք :

 

2. Ձախողում

Գրկեցի ծառը ամենաբարձր`
Հպարտ լինելու արվեստը հուշեց,
Շոյեցի կանաչն ամենախոնարհ`
Խոտը շշուկով ինձ տվեց շնորհ,
Գգվեցի քարին ամենակարծր`
Ցավից լռելու գաղտնիքը բացեց,
Փարվեցի լճին ամենաաղի`
Ինձ չարտասվելու ուժով ողողեց :
Սակայն կարծես թե չստացվեց ոչինչ.
Ծառը թափ տվեց թևերը վրաս,
Փակվեցին խոտի շուրթերը կանաչ,
Քարի ճակատին ձգվեց խոր կնճիռ :
Ինձ ո՞ վ ինչ ասաց, ո՞ վ ինձ ինչ հուշեց…
Հիշում եմ միայն` արտասվում էի,
Երբ լսում էի հորդորը լճի,
Իսկ հիմա, ահա, էլ չեմ արտասվում :
/ Փարվեցի լճին և արտասվեցի,
Իսկ հետո՞ , հետո ՞… չեմ հիշում ոչինչ/,
Տարրալուծվե ՞ լ եմ ջրերում լճի,
Թե՞ լիճն է դարձել ուրիշ` ինձնով լի,
Չեմ հիշում, թե երբ, բայց դարձել եմ լիճ`
Մի ամբողջական արցունքի կաթիլ`
Կնոջ պատկերով և նմանությամբ :

 

3. Տաղիկ

Ծառի վրա ամբարձուղեշ,
Որպես գարնան հուլունքաշար,
Աջ ու ահյակ քանդականախշ
Բողբոջներն են հուշիկ պայթում
Եվ արևոտ ծառի շուրթին
Հնչում իբրև բառեր թոթով :
Հետո ծառը կհրդեհվի,
Կարոտներից կխենթանա,
Արևատենչ իր թևերին
Կտարածվի ծաղկաշղթա
Եվ կհնչի ծաղկածիծաղ
Շուրթին` որպես կատարյալ տաղ :

 

4.Միայնակկին

Միայնակ կին,
Ավելի միայնակ,
Քան պարզապես մարդը,
Քան պարզապես կինը,
Քան միայնակ մայրը :
Միայնակ կին,
Որ երջանիկ, երջանիկ է
Գիշեր-ցերեկ,
Որովհետև
Բազմահարկի նենգ տանիքի
Թովիչ կանչին
Չի հետևում
Եվ ամեն օր
Փրկվում է կամուրջներից,
Դանակներից և ածելուց,
Վթարներից և թույներից,
Կախաղանի օղակներից,
Իր մատներից
Կամ մարդասպան
Մոլագարին հանձնվելուց :
Միայնակ կին`
Գամված խաչափայտին,
Եվ ոչ ոք չի տեսնում
Գամերն ` աչքերի մեջ,
Գլխի, սրտի,
Գամերն` ամբողջ մարմնի
Եվ հոգու մեջ խրված :
Միայնակ կին`
Գամված խաչափայտին,
Որի վրա երազները
Ոստ են դարձել
Եվ ժպտում են
Կանաչ-կանաչ :
Միայնակ կին,
Ավելի միայնակ,
Քան պարզապես մարդը,
Քան պարզապես կինը,
Քան միայնակ մայրը,
Քան` ինքը…
Ներիր, ներիր, Տեր,
Այս հողի վրա
Դու միայնակ կին,
Դու կին չես եղել :

 

5. Սիրտիմ

Սիրտ իմ` թշնամի, սիրտ իմ` մտերիմ,
Չխնայեցիր ոչ քեզ, ոչ էլ` ինձ
Եվ մի ամբողջ կյանք խաբեցիր, սիրտ իմ,
Չե՞ ս տեսնում` վերջն է , խելոք մնա, սիրտ :
Ինչու՞ ես նետում ինձ գիրկը ձմռան,
Խաբում, թե կանաչ մի դրախտածառ
Ճյուղին խնձոր է պահել ինձ համար,
Բայց… ձյուն է, սառույց, և ծառը` չբեր :
Հավատացնում ես, որ գարնանը վաղ
Ոսկուն է տալիս արտը ցորյանի,
Եվ ամեն հասկը նվեր է բախտի,
Բայց.. սև որոմ է դաշտում նորածիլ :
Հետո խաբում ես, թե ամռան տապին
Ինձ բախտ կբերի հենց Ձմեռ պապին,
Բայց մուրացկանն է բախում իմ դուռը
Եվ ինձնից մուրում իմ դառը բախտը :
Ինձ խաբում ես , թե ծեր աշնան ծոցը,
Որ մութ է թեև, տենդոտ է ու թաց,
Ինձ համար վարդ է պահել կիսաբաց,
Բայց… ձեռքիս` միայն թունավոր տատասկ :
Սևջուրը վաղուց տարել է արդեն
Իմ ջրաղացը, սիրտ իմ, ինձ գթա,
Մի խաբիր, գիտեմ` իմ միակ ընծան
Եղանակներիս միշտ դատարկ ծոցն է :

 

6. Մենակություն

Իզուր`
Ինչպես մահապատժից հետո`
Արդարացման վճիռ,
Ինչպես մայրական կաթ,
Երբ նորածինը չի շնչում արդեն,
Սխալ`
Ինչպես մատանիներ`
Նվիրված կռնատին,
Ինչպես թարթիչների ներկ,
Երբ աչքերի հիշողությունն էլ
Չի մնացել պարապ
Ակնախոռոչներում,
Ինչպես ընտիր սերմի ժայթքումը`
Ստերջ արգանդի մեջ,
Անհեթեթ`
Ինչպես զառամած հարսնացուի`
Հարյուրավոր սիրամարտերում
Պահպանված կուսությունը,
Ինչպես պահպանակը`
Ներքինու չ-ֆալլոսի վրա,
Անհեթեթ`
Ինչպես հյուրախաղերը
Անբնակ կղզիներում,
Կորած`
Ինչպես բոլոր գյուտերը.
Մտքերը, տողերը և հնչյունները`
Վերջին երկվայրկյանին,
Դատապարտված`
Ինչպես զոհվածին ուղարկված
Նամակներ,
Ավելորդ`
Ինչպես բացահայտված լրտես,
Սխալ`
Ինչպես գեներալը,
Որ վճռական մարտից առաջ
Զինվորներին պատվիրում է
Սիրել թշնամուն,
Անհեթեթ`
Ինչպես գուշակությունը
Հանգուցյալի համար,
Սխալ`
Ինչպես փերու ընծաները
Մոխրոտիկին,
Եթե թագավորը տղա չունենար :
Ո՞ վ է նվիրել
Իմ սիրտն` իմ կյանքին
/Իմ սիրտը տայւին մի երջանիկի /,
Այս` անսիրությամբ
Եվ լքումներով
Ականապատված կյանքին`
Սի~րտն իմ թրթռուն :

 

7. Սիրեկաններ

Արևը ծառ է հրաշեկ`
Ճյուղերը փռած երկու մերկ
Մարմնի վրա և հոգու,
Որ մարդ չեն այլևս մի զույգ
Եվ չունեն անուններ երկու.
Որքան անուն կա քնքշահունչ`
Նրանց համար է հորինվել,
Շուրջն ` ուրիշ ոչ ոք, ոչ մի շունչ`
Աշխարհ է երկուսի համար,
Նրանց մարմնի մեջ և հոգու
Ճյուղերն են ծավալել հրաշեկ,
Ճյուղերի վրա` ծաղկազարդ,
Ծաղիկներ, ծաղիկներ հրաթերթ :
Նրանք քաղում են մեկմեկու
Շուրթերի վրա քաղցրացող
Անհատնում, անհատնում պտուղներ
Եվ հետո կախվում արևի
Հրաշեկ, հրաշեկ ճյուղերին`
Նրանք` ծաղիկներ, Սերն ինքնին :

 

8. Հայրենիք

Կորիզի փայտե
Շեփորի գրկում լուռ ննջող սաղմը
Խորհուրդն է ծառի և առողծվածը,
Հիշողությունն է նախածառերի,
Հիշողությունը` արմատից սաղարթ,
Հիշողությունը` բողբոջումների,
Ծաղկափթթումի,
Տերևաթափի
Ու մրգահասի,
Հիշողությունը` մեռնող և նորից
Հառնող ծառերի,
Հավերժանորոգ կյանք ու ծննդի :
Հայրենիք,
Մենք քո ծիրանի ծառից
Հողի գիրկն ընկած կորիզներ ենք սոսկ
Եվ մեր մարմնեղեն խեփորների մեջ
Լուռ կրում ենք քեզ` որպես սիրտ, հոգի,
Որպես սրբազան ծիրանենու սաղմ,
Փայփայում ենք քեզ ու լուսագծում
Հուշն ապագայի`
Պատկերով երեք-գույն ծիածանով
Պսակված Լեռան:

 

9. Գիշերային ծիածան

Բառերը, որ ես խոսեցի,
Չէին կարող թարգմանել ինձ
Անվրիպում և անկորուստ.
Հրաբխված հոգուս խորքից
Ժայթքող հուր, կայծ`
Չէին կարող դառնակ կոկիկ
Եվ սրբատաշ բան ու քերթված :
Իմ բառերը լուռ ձուլվեցին
Գիշերային ծիածանին
Եվ երկնքի գաղտնալեցուն
Սրտից ձգվում ու փարվում են
Նրանց սրտին, որ մենակ են
Աստծո չափ կամ Բանաստեղծի :

Խենթ բառերի ծոցում ծնված
Պոեզիան է զիլն ամենից`
Ծիածանը գիշերային,
Ուր գույն ունի աղեղ դարձած,
Բայց չգրված ամեն մի բառ`
Մարտի պահին հնչած խրոխտ-
Եվ սև մահվան ձեռքով ջնջված,
Երգված սիրո դողէրոցքին-
Գորշ ձանձրույթի ձեռքով ջնջված,
Օրհնանք կյանքին ու աշխարհին`
Կարմիր-կանաչ երազածին-
Սրբված ձեռքով առավոտի :
Երբևէ իմ տողերի մեջ
Ինձ կես-ապրած, կես-կարդացած
Մենակն աչքով իր տեսանող
Գույների մեջ գիշերաշող
Պիտի կարդա բառերը այն,
Որ սրտում են միայն գրվում`
Բանաստեղծի ու Երկնքի :

 

10.Հմայիլ

Երբ հմայեմ բոլոր-բոլոր քամիներին
Եվ սրտիս մեջ հյուրընկալեմ,
Ծաղիկների տաք գրկերում ուշաթափվող
Քամիներին սովորեցնեմ քնքշանվաղ
Իմ հոգոցով ու հառաչով, իմ շշունջով
Քեզ ամոքել այն ժամերին դառնաթախիծ,
Երբ որ աչքիդ ուրիշ ոչ ոք, ուրիշ ոչինչ
Չի երևա` մեր մերկ մարմնի ու մերկ հոգու-
Մեր մեկ մարմնի ու մեկ հոգու
Ցնորքներից բացի` ոչինչ :
Քամիներին վիշապաձայն
Սովորեցնեմ այն ժամերին,
Երբ երկինքը փուլ է գալիս ,
Քեզ տեսնելու անզորության ցավս ճչան
Եվ կարոտին դիվադադար
Ճանփաներով մեր սիրահուշ տանեն, տանեն :
Երբ հմայեմ բոլոր-բոլոր քամիներին,
Անձրևներին ու աստղերին,
Կայծակներին, կարկուտներին,
Որոտներին ու ձյուներին,
Անտառներին, ծաղիկներին,
Գազաններին, թռչուններին,
Ողջ շնչավոր և անշունչին
Երբ հմայեմ,
Ամենքի մեջ, ամեն ինչի,
Շաղ տամ սիրուս ծաղկափոշին,
Որ երբ հետո օրերը գան ան-սիրելի,
Եվ լուսնի տակ, և արևի,
Եվ լույսի մեջ, և խավարի,
Ես քեզ սիրեմ, սիրեմ, սիրեմ …
Եվ արևի ձեռքերով կեզ
Եվ գիշերվա ձեռքերով գիրգ
Ես քեզ փարվեմ-անէանամ,
Որ հմայված քամիները
Հետո հանկարծ չգտնեն քեզ
Հուշակորույս և սիրադավ
Եվ քո հայացքն` ան-Կարինե,
Եվ որ Երկինքն ու Երկիրը
Չխառնվեն հանկարծ իրար,
Ես դեռ պետք է քեզ հմայեմ :
Երբ քեզ այնքան կհմայեմ,
Որքան որ դու` հենց առաջին
Պահից ի վեր և շարունակ,
Կհեռանամ ան-հրաժեշտ.
Բայց մինչ մեկնումն ան-հրաժեշտ,
Քեզ, սեր իմ, սեր,
Թող զարդարեմ ներս ու դրսից
Իմ կարոտի հազարատենչ հմայիլով :
Եվ եթե մեր սերն ու բախտը
Մի օր լինեն սրտաչափ հաշտ`
Ինձ, սեր իմ , սեր, ինքդ կասես`
Հմայիլներ նվիրիր ինձ : 

ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ