Բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի:
Այդ նպատակով դեռևս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (չսեփականաշնորհված) բնակարանները ՀՀ կառավարության 06.03.2018թ. N303-Ն որոշմամբ (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120992) սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ին տասնօրյակ, կփոխանցվի համապատասխան համայքներին, որպեսզի վերջիններս շարունակեն բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը:
Նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվելու է՝ ապահովելով մինչև բնակարան ստանալն զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանի բնակությունից ազատման և քանդման հետ կապված ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների կատարումը: Պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են նվիրառուների միջոցների հաշվին:
Որոշմամբ նախատեսվել է նաև նույն սկզբունքով և նպատակով համայնքներին հանձնել նաև ՀՀ պետական բյուջեի, Լինսի, «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և Ամերիկյան «Կարմիր խաչի» միջոցներով 2000-2004թթ. կառուցված բազմաբնակարան շենքերի՝ դեռևս Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարանների սեփականությունը հանդիսացող բնակարանները:
Կփաստագրվեն աղետի գոտու քաղաքային բնակավայրի տնակները
Կփաստագրվեն աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները:
Փաստագրման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 29.03.2018թ. N361-Ն որոշմամբ (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121214), որի համաձայն փաստագրման ենթակա են աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված այն բոլոր ոչ հիմնական շինությունները, անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, կենցաղային և այլ նպատակներով) և պատկանելությունից, որոնք նախատեսված չեն այդ տարածքների կառուցապատման նպատակով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով:
Փաստագրումը կարգի համաձայն պետք է իրականացվի համապատասխան համայնքների կողմից՝ մինչև հոկտեմբեր ամիս, և փաստագրման արդյունքներով ակնկալվում է ունենալ ոչ հիմնական շինությունների թվի, վիճակի և տեղաբաշխման վերաբերյալ ընդհանուր պատկերը:
Փաստագրումից հետո կազմված նյութերի հիման վրա կմշակվեն և սահմանված կարգով ՀՀ կառավարություն կներկայացվեն առաջարկություններ՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և փաստագրման արդյունքում ի հայտ եկած՝ քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ: