2 անձի մահվան ելքով վրաերթ Երևանի Արարատյան փողոցում. վարորդը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցում երկու քաղաքացու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արարատյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ Գ.Աբովյանին և Ա.Չիլինգարյանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջիններս մահացել են: Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը քաղաքացիներին վրաերթի ենթարկելուց հետո շարունակելով ընթացքը բախվել է հանդիպակաց ուղեգոտում գտնվող ճաղավանդակներին, որի հետևանքով ավտոմեքենայի 3 ուղևորները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը գտնվել է 0,937 մգ/լ ալկոհոլային հարբածության վիճակում: Վերջինս ձերբակալվել է:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե