Թեժ ապրիլի շահառուները. Ժամանակ
«Ապրիլը թեժ է ստացվում, և 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո կարծես թե վերջնականապես է ներգազրկված քաղաքական դաշտը վերադառնում է ակտիվության փուլին, որը սակայն բավականին անորոշ է թե´ իր հեռանկարով, թե´ օրակարգով: Խոսքը Երկարաժամկետ հեռանկարի և օրակարգի մասին է, որը հայկական ընդդիմադիր քաղաքականության Աքիլլեսյան գարշապարն է եղել ու, կարծես թե, շարունակում է մնալ այդպիսին: Այլ կերպ ասած՝ քաղաքական դաշտի, ընդդիմադիր դաշտի ակտիվության մասին խոսակցությունը դեռևս մնում է, քանի դեռ շարունակում են բաց լինել հարցերը, որոնք եթե նախորդ ակտիվացումների դեպքում սովորաբար տրվում էին պոստֆակտում, ապա այժմ տրվում են ակտիվացումից առաջ կամ առնվազն դրան զուգահեռ:
Առայժմ նկատելի է, որ իրավապահների, ոստիկանության հետ դեմ առ դեմ կանգնելուց բացի, այլ իրավիճակ ու քայլ չի նշմարվում:
Այդ պարագայում մնում է երկու տարբերակ՝ կա´մ բախվել իշխանության ուժին ու նահանջել, կա´մ ստեղծել իրավիճակ, երբ ոստիկանությունը պարզապես կհրաժարվի ուժ կիրառել և, այսպես ասած, կանցնի հանրության կողմը: Բայց դրա համար անհրաժեշտ է տասնյակ, իսկ գուցե հարյուր հազարավոր քաղաքացիների կայուն ներկայությունը հրապարակում: Կայուն ներկայությունը, անշուշտ, չունի միայն հստակ ֆիզիկական իմաստ կամ նշանակություն: Կայուն ներկայությունը ամենից կարևոր մասով նշանակում է առնվազն միջնաժամկետ ապագայի տեսլական, ընդ որում՝ ոչ միայն ոստիկանության, այլ նաև ընդհանրապես պետական կառավարման համակարգի տարբեր առանցքային սեգմենտների համար, որոնք սովորաբար կազմել են իշխանության վարչահրամայական ուժը:
Բայց այդ մասշտաբի բազմություն հավաքելու համար, որին էլ, այսպես ասած, կզիջի և կմիանա վարչահրամայական մեխանիզմի հիմնական մասը, այդպիսով իրականություն դարձնելով իշխանափոխությունը, նախ պետք է կայուն միջնաժամկետ հեռանկարների տեսլական մատուցել հասարակությանը` չաշխատելով միայն մեկ անձից կամ թեկուզ ամբողջ համակարգից եղած դժգոհության վրա: Եթե այդ դժգոհության վրա ընդդիմադիր արդյունավետ պայքար չէր ծավալվել նախկինում, երբ բազմազան և խայտաբղետ չէր տեղեկատվական դաշտը, ու հանրությունը կողմնորոշվում էր, այսպես ասած, իշխանության աղբյուրներին կա´մ հավատալով, կա´մ չհավատալով: Իսկ, որպես կանոն, չէին հավատում, հազիվ թե ներկայիս տեղեկատվական խայտաբղետության ու բազմազանության պայմաններում հնարավոր լինի զուտ դժգոհության վրա կառուցել այդպիսի պայքար: Առավել ևս, որ ակնհայտ է մի բան` ինչ-ինչ, բայց տեղեկատվատեխնոլոգիական հարթությունում արդյունավետ աշխատանքի հմտություն իշխանությունը ձեռք է բերել բավականին շոշափելի կերպով: Կայուն միջնաժամկետ տեսլական չկա նաև հենց դժգոհ հանրության համար, որն ինքն էլ տեսել ու համոզվել է, որ միայն, այսպես ասած, բացասական «քվեարկությունը» ելք չէ, և անհրաժեշտ է ավելին:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: