Շիրակի մարզի գյուղապետերը թերանում են, յուրացնում ու հետն էլ դժգոհում
Այսօր Շիրակի մարզպետարանում մարզխորհրդի նիստն էր: Առաջին եռամսյակում համայնքները սեփական եկամուտները կատարել են 87.2%-ովԳյումրի քաղաք սեփական եկամուտները կատարել է 90.8%, Արթիկը` 97.6%:
Մարզի թվով 22 համայնքներ չեն ապահովել 2018թ. երեք ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը, իսկ 5 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50%-ի ցուցանիշը:
«Օրինակ Գեղանիստի գյուղապետը արդյոք բավարար համարում է իր աշխատանքը, երբ սեփկան եկամուտները համայնքում կատարվել է 22 տոկոսով, ինչու պետք է պետությունը դոտացիան տրամադրի 100 տոկոսով, իսկ համայնքապետի ոչ նորմալ աշխատանքի արդյունքում ունենանք այսպիսի ցուցանիշ: Չի կարող հարևան համայնքը 100, նույնիսկ 147 տոկոս ցուցանիշ ապահովել, ինչպես ասենք Նոր Կյանքը և մյուսն այսպես աշխատի: Այս պարագայում արդարացումները կարծում եմ հիմնավորված համարել չի կարելի», ասաց Շիրակի մարզպետը
Գյուղապետերը սկսեցին բողոքել սերմացուի տրամադրման ծրագրի դադարեցումից: գյուղերում հողը չեն մշակում, սերմացու չունեն: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը տեղեկացրեց, որ 2018թ. ցանվել է 18հազար հա աշնանացան ցորեն, որը նախորդ տարվանից պակաս է շուրջ 3000 հա: Ըստ դիտարկումների ցանքատարածությունները ձմեռացման ընթացքում վնասներ չեն կրել: Եղանակային պայմանները նպաստավոր են գարնանացան կատարելու համար և մարզում ընթանում է գարնանացանի աշխատանքներ:
Անդրադառնալով ցորենի սերմնաբուծության ծրագրի դադարեցման առնչությամբ` համայնքների որոշ ղեկավարների բարձրացրած հարցին, նշեց, որ 120 մլն դրամի գումար պետությունը ստիպված եղավ զիջել, քանի որ պարտապանները բավական երկար ժամանակ չէին վճարում գումարները: Սրան գումարած քրեական գործեր հարուցվեցին որոշ համայնքների ղեկավարների նկատմամբ: Այնպես որ ծրագիրը դադարեցվեց, եղան չարաշահումներ: Ես միշտ ասել եմ և կրկին ասում եմ` ավանդական գյուղատնտեսությամբ շատ առաջ չենք կարող գնալ, մեզ պետք է բարձրարժեք մշակաբույսերի աճեցում»:
Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, կարիքների գնահատման և հանրակրթություն վերադարձնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին զեկուցելով ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ՝ Լիլիթ Գորգինյանը նշեց, որ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 28 երեխա և ամեն ինչ արվում է, որպեսզի նրանք հանրակրթությունից դուրս չմնան: