«Հելաք փախաք սաղդ». Միայնակ գայլը զայրացավ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստի սկզբում լարված իրավիճակ էր: «Սասնա ծռերի» անդամներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանն ու Գագիկ Եղիազարյանը ցանկացան հայտարարություն անել, սակայն դատավորը արգելեց: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նկատեց՝ հայտարարությունները կհնչեն վերջում, մեղադրողի կողմից գրավոր ապացույցների հրապարակումից հետո ։
«Մանուկյան մի աղմկեք, Բարսեղյան անցնե՞մ սանկցիաների: Կողմերը պարտավոր են հարգալից վերաբերմունք դրսևորել, հակառակ պարագայում կանցնեմ դատական սանկցիա կիրառման»,֊-զգուշացրեց դատավորը։
Պավել Մանկյանը բղավում էր և պահանջում, որ խոսի: Արայիկ Խանդոյանն էլ դատավորին ասաց, որ իրենց խաբում են ու իրեն անցած նիստի ավարտին թույլ չեն տվել հայտարարություն անել. «Հելաք փախաք սաղդ»,-֊զայրացավ Խանդոյանը։
Մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները: Պավլիկ Մանուկյանը և Արայիկ Խանդոյանը ավելի ուշ դուրս եկան դահլիճից, սակայն նրանց վրա սանկցիա չի կիրառվել:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: