Սամվել Ալեքսանյանի նոր հնարամտությունը.ՀԺ
«Գործարար Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերգեյին պատկանող «Գուդվին» բուքմեյքերական ընկերության «Էլ լոտո» խաղային սարքավորումները երկրորդ անգամ վերադարձան ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի տարածք:
Նախկինում մամուլում գրվել էր, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի տարածքում տեղադրվել են «Էլ լոտո» անունը կրող խաղային ապարատները: Դրանից հետո «Երեւան սիթիի» տարծքում տեղադրված բանկոմատների մոտից խաղային սարքավորումները հանվեցին: Մոտ մեկ ամիս անց այդ սարքավորումները դրվեցին նույն սուպերմարկետի կայանտեղի տանող էսկալատորների սկզբնամասում:
Տեղափոխման մասին «Հայկական ժամանակ»-ի հրապարակումից հետո խաղային ապարատները կրկին հանվեցին: Ու փաստորեն, 6 ամիս անց խաղային ապարատները կրկին վերադարձան «Երեւան սիթի»:
Այս անգամ արդեն հասել են ավտոկայանատեղիի մուտքի մոտ եւ տարածքը հաստ ստվարաթղթով մեկուսացվել է այնպես, որ խաղացող քաղաքացու մարմինը խաղալու ժամանակ տեսանելի չլինի անցորդներին:
Մի խոսքով՝ շուրջ մեկ տարվա պայքարից հետո «Գուդվին» ընկերությունը «Երեւան սիթիի» հետ միասին մի լուծում են գտել, որպեսզի այնուամենայնիվ խաղային ապարատները տեղակայվեն հանրամատչելի վայրում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: