Ոստիկանական շոու է. ՀՀԿ-ական գյուղապետի կրքերը. Հայկական Ժամանակ
Երեկ հայտնի դարձավ, որ մարտի 12-ին տարօրինակ դեպք է տեղի ունեցել ՌԴ սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալում. Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի բնակիչները խախտել են սահմանը որս կատարելու նպատակով:
Մասնավորապես ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից թերթի հարցին ի պատասխան ասացին, որ ժամը 20:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալից Ոստիկանության Բադրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ կատարել են սահմանային գոտու ռեժիմի խախտում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 3-4 հոգի մուտք են գործել սահմանային գոտի, որտեղ նրանք որս անելու համար կրակոցներ են արձակել: Չորսն էլ բերվել են ոստիկանության Բադրամյանի բաժին, ապա բացատրություն տալուց հետո ազատ արձակվել:
Որս կատարելու նպատակով սահմանային գոտին խախտած քաղաքացիներն են Երվանդաշատ գյուղի բնակիչներ, 26-ամյա Հարություն Կարապետյանը, 32-ամյա Հակոբ Բաղդասարյանը, 19-ամյա Սամվել Հովսեփյանը եւ 36-ամյա Արտեմ Ասատրյանը: Վերջինիս է պատկանել«ՍԿՍ» տիպի որսորդական ակոսափող հրազենը, որով Էլ կրակոցներ են արձակվել:
Երվանդաշատի ՀՀԿ-ական գյուղապետ Հովնան Ավետիսյանը տեղի ունեցածը որակեց թեթեւ միջադեպ, իսկ լրագրողներին եւ ոստիկաններին Էլ համարեց «շոու անողներ»: «Ոնց ասեմ, որ ճիշտ լինի, մեր ոստիկանների շոուներն ու ձերը իրար համապատասխանում են, էդ էն չի, որ դուք ըտենց խառնվել եք իրար»,- այսպես պատասխանեց նա: