Ովքե՞ր կարող են սովորել Դիլիջանի միջազգային քոլեջում
UWC Դիլիջան քոլեջը իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում հայկական առաջին միջազգային դպրոցը կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի` 60 երկրներից:
UWC Դիլիջան քոլեջում և UWC այլ դպրոցներում սովորելու համար հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014-ի օգոստոսի դրությամբ կլինի 16 տարեկան, 18-ից ոչ բարձր:
Ընդունելության և այլ հարցերի շուրջ այսօր կայացած մամլո ասուլիսին մանրամասներ ներկայացրեցին Դիլիջանի միջազգային դպրոցի հարցերով անմիջականորեն զբաղվող պատասխանատուները:
IDеA հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը տեղեկացրեց, որ ցանկացողների համար կազմակերպվել է բաց դռների օր, որը կկայանա վաղը՝ հունվարի 25-ին Ամերիկյան համալսարանում:
UWC Դիլիջանի քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը հայտնեց իր ուրախությունը դպրոցի բացման կապակցությամբ.
”Ուրախ եմ, որ դպրոցը վերջապես բացվում է, և մենք կսկսենք կենսական այն գործընթացը, որ կմղի Հայաստանում նոր դպրոց կերտելու: Ես վստահ եմ, որ մեր թիմը Դիլիջանի միջազգային դպրոցը կդարձնի աշխարհի լավագույն դպրոցը: Ուզում եմ հավաստել Ձեզ, որ այս միջազգային քոլեջը Հայաստանինն է, որ այն շարունակելու է մնալ Հայաստանում և իր մեջ կընդունի աշխարհի տարբեր երկրների երեխաներ”:
Փադըֆութը անդրադարձավ շրջանառվող ասեկոսեներին, որոնցում հաղորդվում է, որ դպրոցը նախատեսված է մեծահարուստների երեխաների համար.
”Հավաստիացնեմ , որ սա մեծահարուստների դպրոց չէ, այս քոլեջ կընդունվեն միայն այն աշակերտները, որոնք կունենան տվյալներ: Սա մի դպրոց է որը բառիս բուն իմաստով բաց է լինելու բոլորի համար: Անկախ ծագումից, մաշկի գույնից, դավանանքից և այլն”:
Պատասխանատուները տեղեկացրին նաև, որ դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կազմելու է 30 հազար դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար` բարեգործների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: