Լրացավ ՀՀ զինված ուժերի բուժծառայության կազմավորման 20-րդ տարեդարձը
Հոբելյանական տոնի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմական բժիշկներ եւ այլք: Հանդիսության շրջանակում տեղի է ունեցել նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 1-ին կուրսեցիների երդման արարողությունը:
Ներկաների համար ցուցադրվել է ՀՀ ՊՆ Տ եւ ՀԿ վարչությունում պատրաստված “Կյանքի ու մահվան սահմանում” խորագրով տեսաֆիլմը« որն անդրադարձ է ՀՀ զինված ուժերի բուժծառայության կազմավորման ու զարգացման փուլերին, Արցախյան ազատամարտում հայ բժիշկների գործած հերոսական սխրանքներին, բուժծառայողի աշխատանքին ու կերպարին:
Շնորհավորելով ներկաներին եւ դիմելով Հայրենիքի պաշտպանի պատվաբեր գործն ընտրած երիտասարդներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում եւս մեկ անգամ արժեւորել է բուժծառայողների դերն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղ պայմաններում, ընդգծել է, որ մեր բժիշկները սխրալից ճանապարհ են անցել Արցախյան ազատամարտի տարիներին, իսկ այսօր էլ ունենք կատարյալ ռազմաբժշկական ծառայություն, որը պատշաճ է իրականացնում իր առջեւ դրված խնդիրները:
Բուժծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով մի շարք բուժծառայողներ եւ քաղաքացիական բժիշկներ պարգեւատրվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով: