Առաջիկայում ձվի դեֆիցիտ չի լինի
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ տոնական օրերին ձվի դեֆիցիտ չի եղել, սակայն դեկտեմբերի 29-ին և 30-ին եղանակային պայմանների պատճառով մեքենաները չէին կարողանում մատակարարել:
”Դեկտեմբերի 15-17-ից սկսած սպառման ծավալների կտրուկ աճ եղավ, արդեն դեկտեմբերի 20-ից սկսած վաճառվում էր մեկ ու կեսից մինչև երկու մլն ձու”,-ասաց նա:
Մեկնաբանելով լուրերը, թե ձվի դեֆիցիտ կլինի նաև Սուրբ Զատիկին` Հովհաննիսյանը նշեց. ”Առաջիկայում ձվի խնդիր չի լինի, այսօր մենք օր օրի ունենք ավելի շատ արտադրություն, քան սպառումն է”:
Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա բանախոսը համաձայնեց, որ նման երևույթ արձանագրվել է:
Դիտարկմանը, թե տոնական օրերից առաջ մշտապես նմանատիպ իրավիճակներ են առաջանում, Հովհաննիսյանն արձագանքեց. ”Դեֆիցիտ չկա, մենք արտադրում ենք այնքան, ինչքան պահանջարկ կա, միայն այդ օրերին է, որ ամենօրյա արտադրության ծավալները չեն հերիքում, տնտեսվարողը չի կարող այդ երկու օրերի համար ավել արտադրել, նախընտրում ենք, որ այդ երկու տոներից առաջ պակաս լինի, քան տնտեսվարողն աշխատի վնասով ու ամբողջ տարի ձվի ավելցուկ լինի”: