Ունենք շատ վտանգավոր իրավիճակ մասնագիտական կրթության և գիտության դաշտում. նախարար
Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ու հարակից օրենքների վերաբերյալ խորհրդարանում լսումներ են այսօր կազմակերպվել:
Հիմնական ելույթով հանդես եկավ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ սա դոգմատիվ փաստաթուղթ չէ, օրենք չէ, որը չի կարող փոփոխությունների ենթարկվել, անթերի չէ, բայց եթե օրենքն անցնի, նրանից հետո ևս կյանքի լույսի ու քննության ներքո այն կարող է ենթարկվել տարբեր մեթոդոլոգիաների ու փոփոխությունների: Ըստ նրա՝ անհրաժեշտություն է նման օրենքն ունենալն այսօր:
Նախարարը հավելեց՝ ցանկացած զարգացման միտում ունեցող ծրագիր չպիտի խոչընդոտվի օրենքով:
«Բարձրագույն կրթության որակն առանձնահատուկ է, մեր բարձրագույն կրթական համակարգն ամբողջ տարվա ընթացքում ստանում է այնքան ֆինանսավորում որքան ամերիկյան առաջնահերթ համալասարաններից մեկի ֆակուլտետը: Բայց այս պարագայում էլ մեր կրթական համակարգը կարողանում է կատարել իր առջև դրված պահանջները:
Պետք է հնարավորինս ճկունություն ապահովել համակարգի համար, որովհետև չգիտենք, թե աշխարհում մի քանի տարի հետո ինչ հիմնական մարտահրավերներ են լինելու, այսինքն՝ պետք է դիտարկենք մինչև օրինակ՝ 2030 թվականը»,-բացատրեց նախարարը:
Նրա տեղեկացմամբ՝ օրենքի շուրջ քննարկումներն արդեն 2-3 տարի ընթանում են: «Ունենք շատ վտանգավոր իրավիճակ մեր մասնագիտական կրթության և գիտության դաշտում: Ինստիտուցիոնալ հաստատությունների և նրանց ներկայացվածության ու բաշխման խնդիրը ՀՀ-ում լուրջ է: Ուսանողների ներգրավվածությունը համակարգում միջազգային որևէ քննադատության չի դիմանում: Ունենք որակի հարց նաև. մենք մեր երկրում կարողացել ենք անցնել Բոլոնիայի գործընթացի բոլոր ձևերը: Մեր կրեդիտային համակարգը ճանաչելի է, ընդունելի է, բայց խնդիր ունենք որակի վերաբերյալ»,-ասաց նա ու հավելեց, որ հիմնական խնդիրն այն է, թե որքան է կապված կրթության համակարգը աշխատաշուկայի հետ: